Հայտնի է, թե որ կուսակցությունները կմասնակցեն ՏԻՄ ընտրություններին և որ համայնքներում
17:31 - 13 սեպտեմբերի, 2021

Հայտնի է, թե որ կուսակցությունները կմասնակցեն ՏԻՄ ընտրություններին և որ համայնքներում

Հայաստանում լրացել են մի քանի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները․ այդ համայնքներում առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։

Ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին։ Հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ, Դիլիջան համայնքներում, ինչպես նաեւ Գյումրիում։ Հաշվի առնելով, որ առաջին 5 համայնքները խոշորացված են, Գյումրին էլ 4000-ից ավելի բնակիչ ունի, այս համայնքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։

Գյումրիում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել տասը քաղաքական ուժեր՝ չորս դաշինք եւ վեց կուսակցություն։ 

«Բալասանյան» դաշինքը ներկայացրել է ավագանու 42 հոգանոց ցուցակ, ցուցակը կգլխավորի համայնքապետարանի կոմունալ ծառայության բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոյանը։

«Գյումրին Կռնա» դաշինքը ներկայացրել է ավագանու 20 հոգանոց ցուցակ, համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում Վարդան Սրտաշյանն է։  

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ներկայացրել է ավագանու 41 թեկնածու, ցուցակի առաջին համարը Վարդեւան Հակոբյանն է։

«Կոմունիստական կուսակցությունը» ներկայացրել է ավագանու 20 թեկնածու, համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում Կոնստանտին Ղավազյանն է։

«Արժանապատիվ ուղի» կուսակցության ցուցակը գլխավորում է Հովհաննես Մարգարյանը, ներկայացվել է ավագանու 22 թեկնածու։
 
«Հայրաքաղաք» դաշինքը կգլխավորի Լեւոն Բարսեղյանը, ցուցակում ներկայացված է ավագանու 28 թեկնածու։
 
«Հայաստանի հանրապետական» կուսակցության՝ համայնքապետի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանն է, ներկայացված է ավագանու 33 թեկնածու։ 
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Կուսակցությունը ներկայացրել է ավագանու 40 թեկնածու։
 
«Թասիբով» դաշինքի ցուցակի առաջին համարը Կարապետ Պողոսյանն է, ներկայացված է 22 թեկնածու։ 
 
«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է ավագանու 22 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Կարեն Մալխասյանը։ 

Գորիսում ընտրություններին կմասնակցի 4 քաղաքական ուժ։

«Առուշ Առուշանյան» դաշինքը կգլխավորի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ 
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Վլադիմիր Աբունցն է։
 
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության համամասնական ցուցակը  կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։
 
«Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակը գլխավորում է Ալվարդ Իսախանյանը։

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 կուսակցություն։ 

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանը։
 
«Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորում է Սամվել Լալայանը։
 
«Ապրելու երկիր» կուսակցության Տաթեւ համայնքի ավագանու ցուցակը գլխավորելու է Մարատ Գերասիմյանը, որը Տաթեւ համայնքի նախկին ղեկավարի տեղակալն էր։

Սյունիքի Տեղ համայնքում ընտրություններին կմասնակցեն «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Վերջինի ընտրական ցուցակը գլխավորում է Դավիթ Ղուլունցը։ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

Մեղրիում ընտրություններին կմասնակցեն «Հանրապետություն», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ազատական» կուսակցությունները։ 

«Հանրապետություն» կուսակցություն ցուցակը գլխավորում է Բագրատ Զաքարյանը։ 

«Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը Արմեն Հայրապետյանն է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը։ 

«Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորում է Խաչատուր Անդրեասյանը։

Դիլիջան համայնքում ընտրություններին կմասնակցեն «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հայրենիք» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցութունները, ինչպես նաեւ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն։

«Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը

«Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է կուսակցության՝ Դիլիջանի համայնքային կառույցի ղեկավար Արմեն Օրդինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը։

«Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը կգլխավորի պահեստազորի գնդապետ Արմեն Ուլիխանյանը:

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի ցուցակը դեռեւս հրապարակված չէ։

Նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, ավագանու մեծամասնական ընտրություններ կանցկացվեն ազգային փոքրամասնություններով բնակեցված եւ չխոշորացվող Արագածոտնի մարզի Շամիրամ, Արմավիրի մարզի Ֆերիկ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում։ Շամիրամում եւ Ֆիոլետովոյում կանցնակցվեն նաեւ համայնքի ղեկավարի ընտրություններ։

ՏԻՄ ընտրությունների օր է նշանակված նաեւ նոյեմբերի 14-ը։ Infocom.am-ը գրել էր, որ այդ օրն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան նոր խոշորացվող համայնքների ՏԻՄ ընտրությունները, եթե խորհրդարանն ընդունած լինի վարչատարածքային փոփոխությունների նախագիծը։ Այդ օրը կանցկացվեն նաեւ Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրությունները, քանի որ այդ համայնքները ներառված չեն հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների ցանկում։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել