Արթուր Ղազինյանին 3-րդ անգամ չընտրեցին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
14:59 - 13 սեպտեմբերի, 2021

Արթուր Ղազինյանին 3-րդ անգամ չընտրեցին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը։ Պաշտոնում առաջարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Հանձնաժողովում հարցը քննարկվում է երրորդ անգամ, այսօր՝ արտահերթ նիստով․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախորդ երկու անգամներին չի ընտրել Ղազինյանին։
Վերջինս քննարկման սկզբում զարմանք հայտնեց, որ նիստի օրակարգում այլ հարցեր ներառված չեն։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, ի համեմատ Հայաստանի անվտանգային խնդիրների, հարյուրերորդական նշանակություն ունի։

«Այս պաշտոնը Հայաստանի պատմության մեջ երբեք այսքան կարեւորություն չի ունեցել։ Որեւէ մեկդ հիշո՞ւմ է 6-րդ կամ 7-րդ գումարման այս հանձնաժողովի փոխնախագահի անունը։ Թե ինչով է պայմանավորված այս հարցի այս աստիճան սրումը եւ քաղաքականացումը, կարծում եմ՝ ակնհայտ է՝ պայմանավորված է իմ անձով, բոլոր հնարավոր միջոցներով փորձ է արվում ստիպել «Հայաստան» խմբակցությանը՝ փոխել թեկնածուին»,- ասաց Ղազինյանը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ վաղվա լիագումար նիստում ինքը համապարփակ գնահատական կտա․ «Իսկ հանձնաժողովն այսօր պետ է ձեռնամուխ լինի մեր երկրի ու քաղաքացիների անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը, քան նախագահի տեղակալի ընտրությանը»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, դիմելով Ղազինյանին, հարցրեց՝ արդյոք վերջինս ինքնաբացարկ հայտնելու բարոյական պատասխանատվություն չի՞ զգում, որպեսզի այլ թեկնածու ներկայացվի, ընտրվի կամ չընտրվի, եւ հանձնաժողովն անցնի իր բնականոն աշխատանքին։
Ղազինյանը պատասխանեց, որ իր ինքնաբացարկ չհայտնելը չի խանգարում նիստի օրակարգում այլ կարեւոր հարցեր ներառել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագենսա Խամոյանն էլ կարծիք հայտնեց, որ տպավորություն է, թե խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմության թեկնածուին չընտրելով փորձում է կաթվածահար անել հանձնաժողովի աշխատանքները, որպեսզի կարեւոր խնդիրները չքննարկվեն։

Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն էլ իր կարծիքը հայտնեց, թե ինչու է իր համար Ղազինյանի թեկնածությունը խնդրահարույց։ Նա հիշեցրեց վերջինի ֆեյսբուքյան գրառումներից մի քանիսը, օրինակ, երբ Ղազինյանը Փաշինյանին անվանել էր Չաուշեսկու, կամ գրել էր, որ պատերազմում տասնյակ հազարավոր զոհեր են եղել։ Քոչարյանը շեշտեց, որ այդ «տասնյակ հազարավորն» ուղղակի ապատեղեկատվություն է։ Նա նաեւ նշեց, որ հանձնաժողովի փոխնախագահը միայն մեկ առավելություն ունի մյուս անդամների նկատմամբ, որ հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ ինքն է վարում նիստերը։ Անդրանիկ Քոչարյանը նաեւ հավելեց, որ փոխնախագահի չընտրության պարագայում հանձնաժողովի աշխատանքները կանգ չեն առնում։

Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության, սակայն Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց։

«Պարոն Ղազինյան, «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կա՛մ Ձեր, կա՛մ այլ պատգամավորի թեկնածություն։ Կարծում եմ՝ «Հայաստան» խմբակցության քաղաքական դիրքորոշումն իրենք կարտահայտեն համապատասխան գրությամբ»,- այս ասելով՝ նիստի ավարտը հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել