Ես 1,3 տարի հանիրավի անցկացրել եմ բանտում, ինչպե՞ս կարող եմ ճնշել դատավորներին, որ ՀՀ-ն ապագայում եւս հանիրավի դատապարտված մարդիկ ունենա․ Ջհանգիրյան
11:33 - 14 սեպտեմբերի, 2021

Ես 1,3 տարի հանիրավի անցկացրել եմ բանտում, ինչպե՞ս կարող եմ ճնշել դատավորներին, որ ՀՀ-ն ապագայում եւս հանիրավի դատապարտված մարդիկ ունենա․ Ջհանգիրյան

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, դիմելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, հետաքրքրվեց վերջինիս գործունեության մասին այն խոսակցություններով, ըստ որոնց՝ Ջհանգիրյանը դատական իշխանությունը դարձրել է «գրպանային իշխանություն», եւ որ դատավորները ԲԴԽ նախագահի հետ ճշտելով են վճիռներ կայացնում։

Ջհանգիրյանի խոսքով՝ ԲԴԽ-ն, ըստ էության, դատական իշխանության բարձրագույն մարմինն է, եւ ինքը չի կարող մասնակցել ԱԺ դահլիճի ոչ աջ, ոչ ձախ, ոչ էլ կենտրոնում նստած խմբակցությունների քաղաքական քննարկումներին․ «Թեեւ ես դատավոր անդամ չեմ, բայց ինձ վրա տարածվում են դատավորի էթիկայի եւ վարքագծի կանոնները, ուստի ես պետք է ձեռնպահ մնամ քաղաքական գնահատականներից, բայց դուք կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում, եւ ես ի պաշտոնե պարտավոր եմ պատասխանեմ։ Նախ՝ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, կազմված է տասը անդամից, որի հինգը դատավոր են, հինգը՝ իրավաբաններ։ Խորհրդի նախագահը որեւէ առանձին լիազորությամբ օժտված չէ։ Ավելին՝ ԲԴԽ-ն որեւէ դատավարական գործառույթով օժտված չէ։ Ես դժվարանում եմ պատկերացնել, թե խորհրդի մի անդամն ինչպես, ինչ միջոցներով է ճնշումներ իրականացնում»,- ասաց Ջհանգիրյանը՝ նշելով, որ Խորհրդում իր ներկայությունից ի վեր դատավորների փոփոխություն չի եղել․ «Այսինքն՝ մնացել են նույն դատավորները, որոնք նշանակված են եղել դեռեւս 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահների օրոք»։
Ջհանգիրյանն ասաց, որ հեռախոսազրույցի ժամանակ մի կալանավոր է Թովմասյանին ասել, թե ինքը ճնշումներ է գործադրում դատավորի վրա։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ինքը 2-րդ, ապա 3-րդ նախագահների օրոք 1 տարի 3 ամիս հանիրավի անցկացրել է բանտում, ապա 12 տարի անց արդարացվել, ընդ որում՝ Ջհանգիրյանի իրավունքների խախտումն արձանագրել է ոչ միայն ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը․ «Եվ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ճնշել դատավորներին, որպեսզի ապագայում եւս ՀՀ-ն ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»,- եզրափակեց Ջհանգիրյանը։

Իսկ Թովասյանն իր արձագանքի ժամանակ ասաց, որ «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանն է ահազանգել, որ Ջհանգիրյանի ցուցոմով է իր նկատմամբ հետապնդում ու խոշտանգում իրականացվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել