Առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին ապահովել վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամների բուժօգնությունն ու սպասարկումը
12:35 - 14 սեպտեմբերի, 2021

Առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին ապահովել վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամների բուժօգնությունն ու սպասարկումը

Վարչապետի աշխատակազմը մշակել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրևացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագիծը։ Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: Նախատեսվում է ՊՊԾ-ն ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար՝ վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։ Այս մասին ասվում է նախագծի հիմնավորման բաժնում։ 

Նախագծում նշվում է, որ հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ:

Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել