Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը. Արմեն Գրիգորյան
17:27 - 15 սեպտեմբերի, 2021

Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը. Արմեն Գրիգորյան

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման սկզբում ողջունելով իր ռուս գործընկերոջը՝ Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ երկկողմ հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև փոխգործակցության խորացման, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրվածության մասին:

Այնուհետև, քարտուղարները քննարկեցին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրեց դեռ մայիս ամսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում անընդունելի է՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը:

 Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հնարավորության մասին, Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը:

Նիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորեց ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը, նշելով որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:

 Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր: Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, մինչդեռ ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարում իր այդ պարտավորությունը ամբողջությամբ: Նա հույս հայտնեց, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա բոլոր հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը հայրենիք:

Իր խոսքում Նիկոլայ Պատրուշևն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին, այս հարցում կարևորեց Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել