ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության ներկայացուցիչ Լարս Հիկին
22:13 - 15 սեպտեմբերի, 2021

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության ներկայացուցիչ Լարս Հիկին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրեն Լարս Հիկին։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն հարցերով օգնական Տիգրան Տանանյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Լիանա Հայրապետյանը։ 

Ավելի քան 150 տարվա փորձ ունեցող Wabtec ընկերությունը բեռնափոխադրումների և տարանցիկ երկաթուղային հատվածների համար սարքավորումների, համակարգերի  համաշխարհային մատակարարն է: 

Լարս Հիկին շնորհակալություն է հայտնել Արմեն Սիմոնյանին ընդունելության համար և նշել, որ ընկերությունն զբաղվում է նաև էլեկտրական մարտկոցներով լոկոմոտիվների արտադրությամբ և հետաքրքրված է Հայաստանում դրանց կիրառման հնարավորությամբ։ Ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրենը ներկայացրել է իրենց արտադրանքը և քննարկել այս ոլորտում կառավարության և Հայաստանի երկաթուղիների հետ համագործակցելու հնարավորությունը։

ՏԿԵ փոխնախարարը ողջունել է Լարս Հիկին ՏԿԵ նախարարությունում և պատրաստակամություն հայտնել համագործակցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Արմեն Սիմոնյանը հյուրին ներկայացրել է  Հայաստանի երկաթուղային ցանցի  կառուցվածքը, վերջինիս կառավարման համակարգը։

Փոխնախարարը նշել է, որ  հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ համագործակցությամբ այս տարի գրեթե ամբողջությամբ նորացվել է երկաթուղու ուղևորափոխադրող շարժակազմը, առաջիկա տարիներին ներդրումների մի մասը ևս  ծրագրվում է ուղղել շարժակազմի արդիականացմանը։

Խոսելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մասին՝  Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ  մետրոպոլիտենը ևս վերազինման կարիք ունի, ինչի համար կառավարությունն արդեն իսկ դիմել է Եվրասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության հիմնադրամին։ 

Արմեն Սիմոնյանը կարևորել է նշված հարցերում արդյունավետ գործակցությունը և հավելել, որ Հայաստանի հետ համագործակցությունը պետք է դիտարկել ինչպես երկկողմ, այնպես էլ  ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական համագործակցության համատեքստում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել եռակողմ հանդիպում կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության, Wabtec ընկերության և ՏԿԵ նախարարության միջև՝ ընկերության առաջարկը և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել