Դելտա շտամով պայմանավորված մահացության, ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում կա․ Անահիտ Ավանեսյան
11:26 - 16 սեպտեմբերի, 2021

Դելտա շտամով պայմանավորված մահացության, ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում կա․ Անահիտ Ավանեսյան

Մեկնարկել է կառավարության նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 68 հարց, որից 65-ը՝ չզեկուցվող։ Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Դուշանբեում է։

Նախքան հարցերին անցնելը՝ Պապիկյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ ներկայում ինչ վիճակ է COVID-19-ի, դրա դեմ պայքարի մասով, ի՞նչ նորություններ կան։

Ավանեսյանը ներկայացրեց, որ այսօրվա դրությամբ 6049 թեստ է իրականացվել, որից դրական է եղել 764-ը․ «Ցավոք, երեկ 19 մահ է գրանցվել։ Պետք է շեշտեմ, որ դելտա շտամի հետ պայմանավորված մահացության, ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում կա։ Երբ անցյալ տարի ունենում էինք 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսն ավելի նվազ էր կազմում, քան հիմա։ Սա նշանակում է, որ հիմա նույն ցուցանիշի պարագայում զբաղեցնում ենք ավելի շատ մահճակալներ, եւ մեր մահճակալային ֆոնդն ավելի արագ է սպառվում։ Այս պահին մեզ մոտ ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը։ Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319-ից զբաղված է 289-ը»,- ասաց Ավանեսյանն ու նշեց, որ սա ամբողջ աշխարհում նկատվող տենդենց է։

Բացի դրանից՝ հիվանդանոցային զբաղվածության 7-8 տոկոսը կազմում են այն քաղաքացիները որոնք կա՛մ պատվաստված չեն, կա՛մ չեն ստացել ամբողջական պատվաստում․

«Մենք դիտարկում ենք Իսրայելում, Միացյալ Թագավորությունում, եվրոպական երկրներում, որտեղ պատվաստման ցուցանիշը բավականին բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման եւ մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով իր թեթեւությամբ անհամեմատելի է անցյալ տարվա հետ։ Այսինքն՝ մեր գերխնդիրը քովիդի համավարակը հաղթահարելու՝ ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է եւ առողջապահական համակարգին հիվանդներին պատշաճ բժշկական օգնության տրամադրումը թույլ տալն է։ Առջեւում աշուն է, աշնանը նկատվում է տարբեր հիվանդությունների սրում, աճ, բայց եթե Հանրապետության մահճակալային ֆոնդի մեծ մասը շարունակում է սպասարկել քովիդով հիվանդներին, պատկերացրեք, որ այլ հիվանդություններ ունեցողներին բուժօգնություն տրամադրելն ավելի դժվար է լինում»։

Առողջապահության նախարարը հորդորեց եւ խնդրեց միացյալ ջանքերով հնարավորինս կառավարելի շրջանակներում պահել հիվանդության տարածումը եւ թույլ տալ, որ բժիշկների պայքարն արդյունավետ լինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել