Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, մենք կմտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին |armtimes.com|
13:21 - 16 սեպտեմբերի, 2021

Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, մենք կմտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին |armtimes.com|

armtimes.com: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խաղողի մթերման գնին և քաղաքացիների այն պնդումներին, որ 1 կգ-ի դիմաց 130 դրամը «գրեթե անվճար է» կազմում:

«Այս հարցերը հետևանքն են նրա, որ անցած տարի շատ քիչ է սպառվել կոնյակ, և ընկերությունները ցածր սպառման պայմաններում, միևնույն է, շատ մթերել են: Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, որպեսզի մտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ: Մենք խաղողագործների բոլոր խնդիրներին ծանոթ ենք, ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք այդ խնդիրներով»:

Հարցին՝ ի՞նչ է անում Կառավարությունը, որ գյուղացիների բերքը չփչանա, Քերոբյանը նշեց՝ երկու շաբաթ առաջ մթերման վարկերի սուբսիդավորման կարգում փոփոխություն է արվել, որպեսզի գյուղացիները կարողանան ավելի մեծ վարկեր վերցնեն. «Պետական երաշխիքների ինստիտուտն էինք մտցրել, որպեսզի այն ընկերությունները, որոնք գրավի խնդիր ունեն, կարողանան օգտվել պետական երաշխիքներից: Աշխատանքը շատ է և ունի մեծ դիապազոն»,- եզրափակեց նախարարը:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ քննարկում է ունեցել խաղողի մթերման գնի հետ կապված առաջացած խնդրի շուրջ, քննարկմանը ներկա գտնվող կազմակերպությունները համաձայնել են բարձրացնել տեխնիկական տեսակի խաղողի մթերման նվազագույն գինը՝ գործող 115 դրամի փոխարեն սահմանելով 130 դրամ։

Հանդիպմանը մասնակցել են «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Ոստան գինու գործարան», «Հայասի Գրուպ», «Արտաշատ Վինկոն», «Իջևանի գինու գործարան» և «ՄԱՊ» ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել