Փաշինյանի առաջադրած խնդիրը՝ Խծաբերդում եւ Հին Թաղերում իրավիճակը համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, 9 ամիս է՝ չի լուծվել
16:46 - 16 սեպտեմբերի, 2021

Փաշինյանի առաջադրած խնդիրը՝ Խծաբերդում եւ Հին Թաղերում իրավիճակը համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, 9 ամիս է՝ չի լուծվել

«Ինչպես Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի, այնպես էլ մյուս տարածքների դեօկուպացիան արցախյան կողմի առաջնային խնդիրներից է, սակայն թե ինչ ձեւով եւ երբ դա տեղի կունենա՝ կախված է բազմաթիվ գործոններից»։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ միաժամանակ նշելով, որ թե՛ ռուսական կողմի եւ թե՛ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներում մշտապես քննարկվում է այս հարցը։

Ադրբեջանի օկուպացրած Հադրութի շրջանի այս երկու գյուղերը պատերազմից հետո էլ շարունակում էին գտնվել հայկական վերահսկողության ներկո։ Այդ տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին խոսք չի եղել նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ավելին՝ նշված է եղել, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։

Բայց մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղեր եւ Խծաբերդի բնակավայրերի ուղղությամբ։ Հաջորդ օրը կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս բնակավայրերի հարցին՝ նշելով, որ հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռեւս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում։ Ի վերջո, ըստ նույն հայտարարության, ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո: 

Դեկտեմբերի 13-ին Փաշինայնն ասաց, որ մեր առաջ խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին։ Սակայն այդ խնդիրը, փաստորեն, ինն ամիս է՝ չի լուծվել։ 

Թե Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչություններն ինչ քայլեր են ձեռնարկել եւ ինչ արդյունքի են հասել՝ այս երկու բնակավայրերը վերադարձնելու ուղղությամբ՝ Infocom-ը Հայաստանի ու Արցախի արտաքին գերատեսչություններից հետաքրքրվել էր նաեւ մայիսին։ Արցախից ամիսներ առաջ դարձյալ պատասխանել էին, որ Թուրքիայի եւ ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության զավթված տարածքների դեօկուպացիան Արցախի արտաքին քաղաքականության առանցքային հարցերից է, ինչը ժամանակատար եւ աշխատատար գործընթաց է։ Արցախի ԱԳՆ-ն արձանագրել էր, որ մայիսի դրությամբ, դժբախտաբար, կոնկրետ արդյունքներ դեռեւս չունեն։ Այս անգամ հավելել են միայն այն, որ ռուսական կողմի եւ միջազգային կառույցների հետ մշտական քննարկումների մեջ են։

Իսկ եթե մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մերժել էր տեղեկություն տրամադրել Խծաբերդն ու ՀԻն Թաղերը վերադարձնելու ուղղությամբ կատարվող դիվանագիտական աշխատանքի եւ ընթացիկ արդյունքների մասին՝ նշելով, որ «ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը եւ մարտավարությունը բացահայտող տեղեկությունների վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին», ապա այս անգամ պատասխանել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակումը, ինչի հետեւանքով զավթվել են այդ բնակավայրերը, սպանվել եւ գերեվարվել են հայ զինծառայողները, հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի կոպիտ խախտում: Արտաքին գերատեսչությունից հավելել են, որ հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումները փոխանցվել են ներգրավված բոլոր կողմերին, գործընկեր երկրներին ու միջազգային կառույցներին:

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել