Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին
20:09 - 16 սեպտեմբերի, 2021

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:
 
Բարձր գնահատելով ԵՄ կառույցների հետ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ նախարար Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այն առաջիկայում ևս արդյունավետ և նպատակաուղղված ընթացք կունենա: Այնուհետև նախարարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնական գործառույթները՝ շեշտադրելով տեխնոլոգիական արդյունաբերությունը, թվայնացման խնդիրները, էկոհամակարգի ձևավորումը և նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերը։ 
 
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ, նշել, որ մեծապես կարևորում է ոլորտը և համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այս ոլորտում մեծ ներուժ ունի: Դեսպանն անդրադարձել է ԲՏԱ ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությանը և նշել, որ ռազմավարական հաղորդակցության տեսանկյունից կարևոր է նաև իրականացված աշխատանքը հանրությանը ներկայացնելը:
 
Խոսելով վերջին տարիներին ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված աջակցության մասին՝ Անդրեա Վիկտորինը հատուկ անդրադարձ է կատարել մի շարք ծրագրերի, որոնք միտված են եղել էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրմանը, էլեկտրոնային փաստաթղթավորմանը, ինչպես նաև նորարարություններին, ստարտափների խթանմանը, համավարակի հաղթահարմանը։ ԵՄ դեսպանը խոսել է ներկայում ընթացքի մեջ գտնվող նախագծի մասին, որի շրջանակում մշակվում է կառավարության կողմից մատուցվող ծառայությունների փոխգործունակության միասնական հարթակ և ստեղծում է մեկ պատուհան՝ պետության բոլոր սահմանային անցակետերի համար: Անդրեա Վիկտորինի հավաստմամբ՝ ԵՄ աջակցությունը շարունակական կլինի:
 
Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նախարարության ծրագրերին աջակցելու, ինչպես նաև Եվրամիության ջանքերի համար՝ Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման հարցում։ Նախարարը հավելել է նաև, որ նախարարությունը բաց է ԵՄ գործընկերների կողմից և՛ խորհուրդներ, և՛ քննադատություն լսելու առումով, և դեսպանի կողմից արված դիտարկումը ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ իր կողմից ընկալվում է որպես ուղենիշ:
 
Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը երկարատև համատեղ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ հասարակության և հայկական տեխնոլոգիական զարգացման։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպմանը քննարկել Արևելյան գործընկերության տարածաշրջանային ռոումինգ համաձայնագրի նախագծի լրամշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ 
 
Քննարկվել են նաև Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվելիք ուղենշային ծրագրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել