Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատը տրամաբանական է․ կարելի էր նաև ընդգծել Թուրքիայի դերակատարումը․ Արամ Վարդևանյան
12:51 - 17 սեպտեմբերի, 2021

Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատը տրամաբանական է․ կարելի էր նաև ընդգծել Թուրքիայի դերակատարումը․ Արամ Վարդևանյան

Այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի։ Հայտնելով իր կարծիքը՝ Վարդևանյանը նշեց․

«Մի քանի շաբաթ առաջ ելույթներից մեկում ես հստակ գնահատական տվեցի Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ առ այն, որ իրենք միջազգային հանցագործներ են։ Իհարկե, իշխող խմբակցության կողմից դիտարկվեց որ ես դրանով անմեղության կանխավարկած եմ խախտում, եթե նույնիսկ խախտում եմ՝ ճիշտ եմ անում, որովհետև կան դեպքեր, երբ դրանք այնքան ակնհայտ են, որ դրան այլ որակում տալ հնարավոր չէ։ Այդ տրամաբանության մեջ ներկայացված գանգատը գտնում եմ, որ տրամաբանական է, նույնիսկ կարծում եմ, որ կարելի էր նաև ավելի շուտ ներկայացնել, իհարկե դա իրավական բազմաթիվ շերտեր ունի»։

Վարդևանյանը տեղեկացրեց, որ ծանոթացել է տարածված հաղորդագրության բովանդակությանը։ Պատգամավորը նշեց, որ դրանից պարզ է, որ այն վերաբերում է նաև հենց 44-օրյա պատերազմին։ Վարդևանյանի կարծիքով գանգատում կարելի էր նաև ընդգծել Թուրքիայի դերակատարումը։

«Կհիշեք, որ հենց 44-օրյա պատերազմի ընթացքում ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից բազմիցս էր ընդգծվում Թուրքիայի ուղղակի մասնակցությունը այդ միջազգային հանցագործություններում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ կողմից տարածվածին, կարծում եմ այն ավելի շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական, առավել ևս միջազգային իրավունքի, որովհետև կարծես թե բոլորի համար, միջազգային հանրության համար շատ հստակ ու ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից են կատարվել միջազգային մի շարք նորմերի խախտումներ՝ ուժի արգելման սկզբունքի խախտումից, մինչև ազգերի ինքնորոշման իրավունքի նման բռնի կերպով ոտնահարումներ։ Ինչին ականատես ենք եղել և այն մինչ օրս շարունակվում է։ Մյուս կողմից, ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես է ստացվում, որ ՀՀ պաշտոնատար անձնաց դիրքորոշումները չեն բխում այդպիսի գանգատ ներակայացնելուց, այսինքն ինչու հենց նման կտրուկ գնահատականներ չենք լսում։ Երբ զառանցանքներ ենք լսում այդ երկրի կողմից, դրանց պատասխան չի տրվում, ինչն ինձ համար անհասկանալի է»,- եզրափակեց Վարդևանյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել