Արամ Վարդևանյանի կարծիքով՝ հայհոյանքի քրեականացումը չի կիրառվելու իշխանական հայացք ունեցողների նկատմամբ |hetq.am|
14:39 - 20 սեպտեմբերի, 2021

Արամ Վարդևանյանի կարծիքով՝ հայհոյանքի քրեականացումը չի կիրառվելու իշխանական հայացք ունեցողների նկատմամբ |hetq.am|

hetq.am: Արդեն ուժի մեջ է մտել հայհոյանքի քրեականացման իշխանական խմբակցության ընդունած օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ փոփոխությունների՝ անձին հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում կիրառվելու է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):

Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև 1 միլիոն դրամ):

Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-ից 3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Այս փոփոխությունները մեկ օրում երկու արտահերթ նիստով «Իմ քայլը» խմբակցությունը կատարել է 7-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտման վերջին օրը:

Այս մասին զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հետ:

-Պարոն Վարդևանյան, արդեն ուժի մեջ է մտել հայհոյանքի քրեականացման նախագծերի փաթեթը, ո՞րն է Ձեր վերաբերմունքը այդ փոփոխություններին, համարո՞ւմ եք արդյոք ժողովրդավարության առումով հետընթաց:

-Ցանկացած հայ մարդու համար ակնհայտ է, որ վիրավորանքն ու հայհոյանքն անընդունելի է, այստեղ երկրորդ կարծիք չկա, բայց միաժամանակ ակնհայտ է նաև, որ այս նախաձեռնությունն իր ձևով ու բովանդակությամբ հետընթաց է ժողորդավարության տեսանկյունից: Նախկինում վիրավորանքն ու զրպատությունը քրեականացված էին, նախկինում չկա՞ր հայհոյանք, չկայի՞ն կոպիտ արտահայտություններ, կոշտ հռետորաբանություն չի՞ եղել: Իհարկե եղել է, բայց չնայած դրան՝ ամբողջությամբ ապաքրեականացվել է վիրավորանքն ու զրպարտությունը:

Այն ժամանակ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի այդ նախաձեռնությունն օրինակելի էր դիտարկել նաև այն պատճառով, որ եվրոպական երկրները նույնիսկ նման կտրուկ փոփոփոխություն չէին նախատեսում… Սա, իհարկե, հետընթաց է, պատճառները, կարծում եմ, տարբեր կարող են լինել:

Առնվազն վերջին շրջանում այս իշխանությունների վարքագիծը տրամաբանության, ողջամտության և առավել ևս իրավունքի գերակայության տեսանկյունից դիտարկել հնարավոր չէ, հետևաբար սա ևս բացառություն չէ: Այն նաև սահմանադրականության խնդիր է առաջացնում մի քանի ռակուրսներով դիտարկելով: Ստացվում է՝ քաղաքացիաիրավական ներգործության մեխանիզմը դեռ կա, և կարելի է ասել՝ կոնկրետ թվային սահմանափակում ունի՝ տարբեր վիրավորանքների, այդ թվում՝ հայհոյանքի պարագայում, բայց քրեաիրավական ներգործության տուգանքի չափն ավելի նվազ է, սա աբսուրդ է: Չի կարող մի արարքի համար քաղաքացիաիրավական ներգործությունն ավելի խիստ լինել, քան՝ քրեաիրավականը:

Սա հենց ցույց է տալիս, որ այս նախաձեռնությունն անհասկանալի նպատակ է հետապնդում, ինձ թվում է՝ քաղաքական հակառակորդներին կամ ընդդիմախոսներին, ակտիվիստներին, որոնք կփորձեն իրենց խոսքում շատ կոշտ լինել, լռեցնելու, վախեցնելու, ահաբեկելու միջոց է լինելու: Կարծում եմ՝ այս հարցը վաղ թե ուշ ՍԴ-ում հայտնվելու է:

Կարող եմ տեղեկացնել, որ «Հայաստան» խմբակցության օրակարգում այս հարցը կա՝ մանրամասն ուսումնասիրելու տեսանկյունից: Ես ունեմ այն կարծիքը, որ իրավակիրառական պրակտիկայում այս հոդվածի մեկնաբանությունը, հենց նույնիսկ առաջին ենթադրյալ դեպքը երբ լինի, արդեն իսկ թույլ է տալու պնդել, որ սա իր մեջ հակասահմանադրական տարրեր է պարունակում:

-Իրավակիրառության տեսանկյունից ինչպե՞ս են կողմնորոշվելու արտահայտած բառը վիրավորանք է, թե՞ հայհոյանք՝ հաշվի առնելով այն, թե ինչ է լինում խորհրդարանում, երբ, օրինակ, հնչում է «կապիտուլյանտ» բառը:

-Ես հենց դրա համար էլ ասացի, երբ առաջին դեպքը կլինի իրավակիրառ պրակտիկայում, այդ ժամանակ ֆիքսելու ենք երկակի ստանդարտ: Այստեղ չկա որոշակիություն, սելեկտիվ արդարադատության ծայրահեղ ռիսկեր կան: Նախ փորձեմ կանխատեսում անել, որ առաջին անգամ այս հոդվածը կիրառվելու է ոչ իշխանական հայացք ունեցող ցանկացած անձի նկատմամբ, իշխանական հայացք ունեցողի նկատմամբ չի կիրառվելու, եկեք տեսնենք ճիշտ կլինեմ, թե ոչ:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել