Պետք է ուժ գտնենք հաղթահարելու սխալների հետևանքները, ժամանակը հնարավորություններ է ընձեռում. Նախագահ
15:00 - 21 սեպտեմբերի, 2021

Պետք է ուժ գտնենք հաղթահարելու սխալների հետևանքները, ժամանակը հնարավորություններ է ընձեռում. Նախագահ

armenpress.am:  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է՝ պետականության ակունքները միասնության, ազգային համաձայնության մեջ են, նույնիսկ փխրուն համաձայնությունը կարող է դառնալ հաջորդ հաղթանակի բանալի:

Նախագահն այս մասին ասաց իր նստավայրում Անկախության տոնի առիթով տարբեր բնագավառների ներկայացուցիչներին պարգևատրելուց հետո իր ելույթում:

Դիմելով տարբեր ոլորտներում ունեցած ավանդի համար պարգևատրված անձանց՝ նախագահը նշեց. «Այդ պարգևները ունեն մեկ ընդհանրություն. դրանք հայրենիքի գնահատականն են»:

Նախագահը նկատեց՝ ցավոք դեռևս ոչ բոլոր արժանավորներն են գնահատվել հայրենիքին մատուցած իրենց ծառայությունների համար, սակայն հիշեցրեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի խոսքը. «Հայրենիքից նեղանալ չի կարելի»:

Սարգսյանը նշեց՝ մի քանի օրից արցախյան երկրորդ պատերազմի տարելիցն է: «Այսօր այստեղ ներկա են նաև հետմահու պարգևատրվողների ընտանիքների անդամները։ Բոլորս խոնարհվում ենք ձեր զավակների, ամուսինների, հարազատների հիշատակի և ձեր բոլորի առաջ»,- ասաց նա:

Նախագահը շեշտեց՝ անկախությունը ձեռք է բերվել հայ ժողովրդի հավաքական ջանքերով, բոլորի նվիրվածության ու միասնության շնորհիվ, որովհետև, տիրապետող է եղել ազատ և անկախ հայրենիք ունենալու մեծ գաղափարը: «Անկախ Հայաստանը 30 տարեկան է: Անցած 30 տարիներից յուրաքանչյուրը եղել է յուրատեսակ փորձության տարի: Վերջին մեկ տարին ամենածանրն էր իր հետևանքներով, խնդիրներով, կորուստներով և վերքերով»,- ասաց նա:

Նախագահը նշեց՝ պատերազմից մեկ տարի անց, զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ, սահմանային և այլ բազմաթիվ չլուծված խնդիրներ: «30 տարվա ընթացքում մենք սովորել ենք հաղթել, 30 տարվա ընթացքում ունեցել ենք շատ, բազմաթիվ հաղթանակներ, 30 տարվա ընթացքում ունեցել ենք և տոնել ենք մեծ հաղթանակ, սակայն այդ տարիներին հաջողությունների կողքին, դրանց հետ մեկտեղ, նաև սխալներ են թույլ տրվել: Մենք պետք է ուժ գտնենք հաղթահարելու դրանց հետևանքները: Ժամանակը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում: Պետք է կարողանանք արդյունավետ տնօրինել այդ ժամանակը»,- ասաց Սարգսյանն ու հավելեց՝ պարգևատրվածները հենց այն անձինք են, որոնք կարողացել են ճիշտ տնօրինել ժամանակը, այն ծառայեցնել հայրենիքին ու ժողովրդին:

Սարգսյանը շեշտեց՝ երբեք չպետք է դադարել մտածել անկախության և պետականության մասին, միշտ պետք է ունենալ պետական մտածողություն: «Պետականության ակունքները միասնության, համերաշխության և ազգային համաձայնության մեջ են: Նույնիսկ երբ այդ համաձայնությունը փխրուն է, այդ փխրուն համաձայնությունը կարող է դառնալ հաջորդ հաղթանակի բանալին»,- եզրափակեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել