Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան. Արարատ Միրզոյան
16:22 - 21 սեպտեմբերի, 2021

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան. Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության հռչակման 30-ամյակի առթիվ:
 
«30 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, արձանագրվեց մեր կամարտահայտումը՝ հռչակելու Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն՝ իր հիմքում ունենալով ժողովրդավարությունը, հայ ժողովրդի իրավունքների ու համապարփակ անվտանգության պաշտպանությունը, ազգային-հոգևոր զարգացումը՝ որպես մեր պետականության զարգացման ուղենիշներ։
 
Արցախյան գոյամարտը, հումանիտար դժվարագույն մարտահրավերները, մեզ պարտադրված տնտեսական շրջափակումը ձևավորեցին այդ դժվար իրավիճակը, որոնց պայմաններում հիմնադրվեցին և կայացան անկախ Հայաստանի պետական ինստիտուտները։
 
Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիները, սփյուռքի մեր հայրենակիցները բազմիցս ապացուցեցին իրենց նվիրվածությունը անկախ պետականությանը և ժողովրդավարությանը։
 
Երեսուն տարի անց մենք շարունակում ենք բախվել տարածաշրջանային և արտաքին քաղաքական նմանատիպ մարտահրավերների։ Անկախ բոլոր դժվարություններից՝ մենք պիտի շարունակենք ջանքեր գործադրել ապահովելու համար Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ձգտենք կայուն և տևական խաղաղության, լավագույնս սպասարկենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի շահերը։
 
Այսօր մենք երախտիքի խոսքերով ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին անկախության կերտման և պահպանման ճանապարհին։
 
Շնորհավորելով Անկախության տոնի կապակցությամբ՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան»,- ասված է Արարատ Միրզոյանի ուղերձում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել