Աղբավայրը շահագործող օպերատորը կառավարության սահմանած կարգով աղբավայրում և դրա հարակից տարածքներում պետք է իրականացնի մոնիթորինգ․ շրջանառության է դրվել օրենքի նախագիծը
15:44 - 22 սեպտեմբերի, 2021

Աղբավայրը շահագործող օպերատորը կառավարության սահմանած կարգով աղբավայրում և դրա հարակից տարածքներում պետք է իրականացնի մոնիթորինգ․ շրջանառության է դրվել օրենքի նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: 

Ըստ նախարարության նախագծի՝ ընդունմամբ կապահովվի  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աղբավայրերի շահագործման փուլում հսկողության և մոնիթորինգի (մշտադիտարկման) ընթացակարգի սահմանման իրավական հիմքը։

Նախագծով սահմանվում է, որ աղբավայրը շահագործող օպերատորը կառավարության սահմանած կարգով աղբավայրում և  դրա հարակից տարածքներում կազմակերպում և իրականացնում է մոնիթորինգ և կառավարության սահմանած կարգին համապատասխան շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սահմանված կարգին համապատասխան, պատշաճ իրականացված հսկողությունը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, իսկ մոնիթորիգի իրականացումը կապահովի թափոնների տեղադրման վայրի հարակից տարածքներում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրը շահագործողի կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ։

Նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել