Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին. Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր
12:02 - 23 սեպտեմբերի, 2021

Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին. Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«2020 թվականի աշնանը բռնկված պատերազմից մեկ տարի անց այդ ցավագին շաբաթների մասին հիշողությունը ստվերում է այսօրվա տոնակատարությունները: Բազմաթիվ են այն մարտահրավերները, որոնց առջև այժմ կանգնած է Հայաստանը 2020 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարից հետո: Միաժամանակ, հունիսի խորհրդարանական խաղաղ և թափանցիկ ընտրությունները լավատեսություն են ներշնչում, որ Հայաստանը կառուցողաբար և նոր ավյունով կդիմակայի այդ մարտահրավերներին:

Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին՝ սատարելով հետագա պետական և հասարակական բարեփոխումները: Բացի այդ, Դաշնային կառավարությունն իր ուժերի ներածի չափ կշարունակի սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և եռանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծմանն ուղղվող ջանքերը:

Մաղթում եմ, որ Ձեր առաջնորդությամբ Ձեր երկիրն ու համերկրացիները հաջողությամբ հաղթահարեն համավարակը: Հայ ժողովրդին հղած իմ բարեմաղթանքներին հավելում եմ անձնական մաղթանքներս՝ Ձեզ և Ձեր ընտանիքին»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել