Ալիևը խոսել է նոյեմբերի 9-ի, ռուս խաղաղապահների և հայերի ու ադրբեջանցիների հաշտեցման մասին |hetq.am|
12:37 - 24 սեպտեմբերի, 2021

Ալիևը խոսել է նոյեմբերի 9-ի, ռուս խաղաղապահների և հայերի ու ադրբեջանցիների հաշտեցման մասին |hetq.am|

hetq.am: 2020 թվականի պատերազմից դեռ շատ առաջ Ադրբեջանը մշակել էր և ուներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վարման պլան։ Այդ մասին ռուսական Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է հենց ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մարտական գործողությունների վարման ծրագիր մի երկրում, որը գտնվում էր պատերազմի, թեկուզ սառեցված հակամարտության մեջ, բայց պատերազմի մեջ, կյանքի բոլոր դեպքերի համար վաղուց էր մշակվել։ Բնականաբար, հաշվի առնելով նոր իրողությունները, հաշվի առնելով Ադրբեջանի նոր հնարավորությունները, ներառյալ տեխնոլոգիական՝ այդ պլանում պարբերաբար փոփոխություններ են արվել»,- նշել է Ալիևը։

Ըստ նրա՝ հակամարտության սրման պարագայում նման պլան ունեցել է նաև Հայաստանը։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական պլանն ունեցել է «Երկաթե բռունցք» անվանումը, որն Ալիևը մի քանի անգամ օգտագործել է ադրբեջանցիներին ուղղված իր ուղերձներում, որտեղ նա հայտարարում էր գրավյալ քաղաքների ու գյուղերի մասին։ «Մի քանի անգամ ասել եմ, որ մեր երկաթե բռունցքը կջարդի թշնամու գլուխը, եթե նա իր կամքով չհեռանա բռնազավթված տարածքներից։ Քանի որ դա դրական արձագանք էր ստանում հանրության կողմից, ես էլ որոշեցի գործողությունը հենց այդպես անվանել՝ «Երկաթե բռունցք»։ Սակայն դա միանգամից տեղի չունեցավ, այլ մարտական գործողությունների որոշակի փուլում»,- նշել է նա։

Խոսելով պատերազմի ավարտի և Վլադիմիր Պուտինի դերակատարության մասին՝ Ալիևը նշել է, որ Պուտինը ակտիվ դերակատարություն է ունեցել հակամարտության կարգավորման գործում։ «Դա նոյեմբերի 8-ի երեկոյան էր։ Իսկ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք նորից զանգվել, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դերակատարություն է ունեցել տեղի ունեցող իրադարձությունների մեջ։ Նա իմ մեսիջները փոխանցում էր Փաշինյանին, իսկ իր մեսիջները՝ ինձ։ Այդ պայմանավորվածությունները ձեռք էին բերվում մինչև ուշ գիշեր և անցավ արդեն կեսգիշերը։ Բաքվի ժամանակով արդեն նոյեմբերի 10-ն էր։ Դա է պատճառը, որ մենք անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, իսկ Մոսկվայում դեռ նոյեմբերի 9-ն էր»,- նշել է Ալիևը։

Նրա խսքերով՝ հայտարարության տեքստը վերջիվերջո հաջողվել է համաձայնեցնել։ «Նախատեսվում էր, բնականաբար, դրա ստորագրում, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչը ինձ խնդրեց, որ չպնդեմ, որ Փաշինյանը մեր ներկայությամբ այն ստորագրի։ Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ մարդ է, ամեն ինչին վերաբերում է հարգանքով և ես ասեցի, որ չեմ պնդի։ Ինձ պետք չէին լրացուցիչ ինչ-որ պահեր, որոնք կապված էին Փաշինյանի ստորացման հետ, քանի որ դա մարդու ստորացում չէր, այլ երկրի, իսկ դա մենք մեզ թույլ տալ չէինք կարող»,- ընդգծել է Ալիևը։

Ալիևը հայտարարել է, որ Պուտինին առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին պատմել է հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը։ «Բնականաբար, ռազմական գործողությունների տարբեր փուլերում մենք մշտական կապի մեջ ենք եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այն բանից հետո, երբ սկսվեց պատերազմը, մեր առաջին հեռախոսազրույցը կայացել է հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը։ Ավանդաբար ես Վլադիմիր Վլադիմիրովիչին շնորհավորում եմ իր ծննդյան կապակցությամբ։ Եվ դա մեր առաջին հեռախոսազրույցն էր այն պահից, երբ արդեն 10 օր ընթանում էին մարտական գործողությունները։ Մենք նաև քննարկեցինք հարցեր՝ ինչպես անել, որ պատերազմը կանգնեցվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել