Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ

 |armenpress.am|
12:56 - 25 սեպտեմբերի, 2021

Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ` զրպարտչական տեղեկատվությունը հերքելու և 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջներով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել` գրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով:

Ի պատասխան` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել` լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության և ապատեղեկատվություն տարածելու մեջ` միաժամանակ հայտնելով, որ հիշյալ տեղեկությունները լրատվամիջոցի կողմից չհերքելու դեպքում նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայցը սեպտեմբերի 24-ին արդեն իսկ ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` զրպարտչական տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել