Կառավարությունը ոչ նպատակահարմար է համարում երկու գերիների վերադարձի մասով հայտարարություն անելը |hetq.am|
14:47 - 25 սեպտեմբերի, 2021

Կառավարությունը ոչ նպատակահարմար է համարում երկու գերիների վերադարձի մասով հայտարարություն անելը |hetq.am|

hetq.am: 2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Հետք»-ը գրել էր, որ Բաքուն Հայաստանին է վերադարձրել հուլիսի 14-ին Սյունիքի Իշխանասար լեռան շրջանում մոլորված երկու զինծառայողներին՝ մայոր Արթուր Նալբանդյանին և Արամայիս Տոռոզյանին։ Փոխարենը Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել օգոստոսի 25-ին Մարտակերտում ձերբակալված Ջամիլ Բաբաևին։

Գերիների փոխանակումը սովորական գործընթաց կլիներ, եթե աչքի չընկներ այն հանգամանքը, որ պետական որևէ մարմին պաշտոնապես հաղորդագրություն չտարածեց նրանց վերադարձի վերաբերյալ։

Այդ նպատակով սեպտեմբերի 8-ին հարցում էինք արել Կառավարությանը՝ հասկանալու, թե ինչու պետական որևէ գերատեսչություն, որը պատասխանատու է գործընթացի կամ գերիների վերադարձի համար, պաշտոնապես հաղորդագրություն չէր տարածել նախօրեին տեղի ունեցած փոխանակման վերաբերյալ։

Մասնավորապես, Կառավարությունից հարցրել էինք, թե Հայաստանի Հանրապետությունում ո՞ր պետական կառույցն է զբաղվում գերիների վերադարձով։ Ըստ Կառավարության պատասխանի, որն ստորագրված է Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի անունով, գործընթացով զբաղվում և բանակցություններ է վարում Ազգային անվտանգության ծառայությունը։ 

Այն հարցերին, թե ինչու պետական որևէ գերատեսչություն պաշտոնական հաղորդագրություն չտարածեց գերիների վերադարձի մասին կամ ինչու չհրապարակվեցին նրանց անունները, Կառավարությունը նշում է, որ գործընթացի առանձնահատկությունների հետ կապված որևէ պետական մարմնի կողմից նման բնույթի հաղորդագրություն տարածելը տվյալ պարագայում գտնվել է ոչ նպատակահարմար, և համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը։ 

Կառավարությունը չի մեկնաբանում ադրբեջանցի գերու վերադարձի մասին փաստը, ինչպես նաև չի մանրամասնում գերիների փոխանակման և վերադարձի վերաբերյալ բանակցությունների առանձնահատկությունները՝ նշելով, որ դրանք հրապարակման ենթակա չեն։

Կառավարությունից նշում են, որ հայ երկու գերիների վերադարձը Հայաստան կազմակերպվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից։ 

Շարունակությունը՝ hetq.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել