Համակարգը մաքրել կոռումպացված դատավորներից, կառուցել նոր մոդելի ՔԿՀ. Կարեն Անդրեասյանի հարցազրույցը |armenpress.am|
10:37 - 28 սեպտեմբերի, 2021

Համակարգը մաքրել կոռումպացված դատավորներից, կառուցել նոր մոդելի ՔԿՀ. Կարեն Անդրեասյանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարությունն իր առջև նպատակ է դրել մաքրել դատական համակարգը կոռումպացված դատավորներից, կառուցել նոր մոդելի և բարքերի քրեակատարողական  հիմնարկ, թվայնացնել Հայաստանում ողջ դատաիրավական համակարգը, կառուցել մեկ վայրում արագ և բարձր որակով մատուցող հանրային ծառայություններ, ինչպես նաև` ԴԱՀԿ ծառայության կառավարումը դարձնել ավելի արդյունավետ։ Առաջիկա ծրագրերի, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, սահմանադրական բարեփոխումների, պարեկային ծառայության գործունեության և այլ թեմաների մասին խոսել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

- Պարոն Անդրեասյան, ստանձնելով Արդարադատության նախարարի պաշտոնը, ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջև:

 - Ունեմ հինգ առաջնահերթ ծրագիր. առաջինը՝  իրավական գործընթացների արդյունքում մաքրել դատական համակարգը կոռումպացված դատավորներից, երկրորդը՝ բացարձակ նոր մոդելի և բարքերի քրեակատարողական հիմնարկ կառուցել Հայաստանում: Նոր՝ ոչ միայն իր շինությամբ ու անվտանգությամբ, այլև բարքերով, անձնակազմով ու մթնոլորտով: Երրորդը՝ թվայնացնել ողջ դատաիրավական համակարգը՝ դրանով իսկ ավելի արդյունավետ դարձնելով այս ոլորտում գործող բոլոր պետական մարմինների աշխատանքը: Չորրորդը՝ վրացական օրինակով Հայաստանում կառուցել հանրային ծառայությունները մեկ վայրում արագ և բարձր որակով մատուցող «Արդարադատության տներ»: Եվ հինգերորդը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կառավարումը դարձնել այնքան արդյունավետ, որ մարդիկ այլևս, դատավճիռները ստանալուց հետո, չմնան ձեռնունայն, իսկ պետությունն էլ ոչ թե մեր այս ծառայության համար գումարներ հատկացնի, այլ շահույթ ստանա, և այդ շահույթը ուղղի դատաիրավական ոլորտի հետագա բարեփոխումներին։

- Հակակոռուպցիոն ի՞նչ միջոցառումներ կամ օրենսդրական նախաձեռնություններ եք նախատեսում: Արդյոք բավարար են 2018 թվականից ներդրված գործիքները կոռուպցիայի դեմ պայքարելու համար: 

- Պետք է շարունակենք նպաստել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանն ու զարգացմանը, որը կոռուպցիայի դեմ պայքարելու ամենագործուն մեխանիզմն է: Հանձնաժողովի կազմն ու աշխատակիցները մեծ հույսեր են ներշնչում, պարզապես պետք է շարունակենք նրանց տեխնիկապես աջակցել ու հզորացնել: Նաև շատ կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների ստեղծումը: Այս ուղղությամբ ևս նախարարությունը հսկայածավալ աշխատանք է կատարում: Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարը մեր կառավարության առաջնահերթություններից է, իսկ Հակակոռուպցիոն ռազմավարության իրագործումը՝ մեր նախարարության աշխատանքի կարևորագույն ուղղություններից:

- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու ուղղությամբ:

- Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման գործում կարևոր է ոչ միայն առանձին դատավորների, այլև Բարձրագույն դատական խորհրդի դերը: Այս համատեքստում կարևորում եմ դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների հարցում հետևողական և խիստ մոտեցումը, ինչպես նաև՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների բարեվարքության գնահատումը: Դատական համակարգի անկախության և նրա հանդեպ հանրության վստահության ամրապնդմանը միտված գործիք է լինելու նաև վեթինգը: Առկա օրենսդրական կարգավորումները, սակայն, թույլ չեն տալիս նոր ներդրվող կառուցակարգերը գործածել նախկինում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, ուստի ծառացած խնդիրների լուծման նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ, նախատեսվում է նաև հարցի քննարկում միջազգային գործընկերների հետ՝ երաշխավորելու համար գործընթացի համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

- Արդյոք տեսնում եք սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, և եթե այո, ապա ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու այս ոլորտում: Կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

- Կառավարության ծրագրի մակարդակով արդեն իսկ ամրագրվել է այն հանգամանքը, որ Կառավարությունը հանրային-քաղաքական շրջանակների հետ քննարկումներ է սկսելու սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարության հարցը որոշելու համար: Եվ այս առումով գործընթացն արդեն իսկ մեկնարկել է. Սահմանադրական բարեփոխումների հետագա գործընթացը հստակեցնելու, բարեփոխումների իրականացման ձևաչափի, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման շուրջ մասնագիտական աշխատանքների նախընտրելի մոդելի ձևավորման, ինչպես նաև՝ բարեփոխումների որոշ ուղղությունների շուրջ նախնական պատկերացումներ կազմելու նպատակով  ես հանդիպումներ եմ ունեցել Փաստաբանների պալատի ղեկավար կազմի, խորհրդարանական ընդդիմադիր ուժերից՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների, արտախորհրդարանական ուժերի, երկու տասնյակից ավելի հայտնի իրավաբան-գիտնականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և երկու տասնյակից ավել լրագրողների հետ:

Այդ հանդիպումների ընթացքում փորձեցինք հասկանալ տարբեր շրջանակների կարծիքն այն մասին՝ արդյոք պետք է պահպանել խորհրդարանական կառավարման մոդելը, թե՞ վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևին, արդյոք պետք է միավորել բարձր դատարանները և մի շարք այլ հարցեր: Այժմ ամփոփում ենք նշված հանդիպումների արդյունքները և մշակում սահմանադրական բարեփոխումների նոր մեկնարկի և գործընթացի կազմակերպման առաջարկներ:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել