Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը
14:40 - 28 սեպտեմբերի, 2021

Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի հոբելյանական երեկոն սեպտեմբերի 29-ին տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի դահլիճում:

Բացման և գնահատանքի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, և այլ պաշտոնատար անձինք:

Միջոցառման ընթացքում կցուցադրվի Անրի Վերնոյի մասին կենսագրական ֆիլմ, տեղի կունենա համերգ, որին զուգահեռ կցուցադրվեն Վերնոյի ֆիլմերի թվայնացված ազդագրերը:

Համերգի ընթացքում կհնչեն Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունների կատարումները՝ Ժան-Կլոդ Պըտիի ղեկավարած ֆրանսիական «Pasdeloup» նվագախմբի կողմից, ինչպես նաև սոպրանո Լիաննա Ալեքսանյանը կկատարի «Դլե յաման» երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ:

Միջոցառումը կարևորվում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի նշանավորման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին այս տարի Հայաստանի անդամակցության նպատակով ներկայացված թեկնածության համատեքստում: Այն նպատակ ունի Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնելու Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորելու նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտելու ազգային ինքնության առանձնահատկությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել