Փաթեթավորման «քովիդյան» մենաշնորհը․ առանց հիմքի արգելք՝ «Զվարթնոց» օդանավակայանի կողմից
11:14 - 06 հոկտեմբերի, 2021

Փաթեթավորման «քովիդյան» մենաշնորհը․ առանց հիմքի արգելք՝ «Զվարթնոց» օդանավակայանի կողմից

Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի հրամանով սահմանվել էր, որ օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները պետք է ենթարկվեն փակ տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման («ՀՀ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրաման, հավելված 22-ի 9-րդ կետի 8-րդ ենթակետ

2020 թվականի օգոստոսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում, իսկ 8-ին՝ կայքում, հրապարակվեց հայտարարություն, որում, մասնավորապես, ասված էր․

«Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը: Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը: Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս կարող եք փաթեթավորել ձեր իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»:

Փաթեթավորված իրերով օդանավակայան մուտք գործելու արգելքը երկու խնդիր էր առաջացրել․

- անգործության էր դատապարտել օդանավակայանից դուրս գտնվող փաթեթավորման ծառայություններին՝ փաստացի մենաշնորհային պայմաններ ապահովելով օդանավակայանի տարածքում գործող ծառայության համար,

- օդանավակայանից օգտվողները ստիպված էին ավելի թանկ վճարել փաթեթավորման համար, քանի որ օդանավակայանի տարածքում այս ծառայությունն ավելի թանկ է, քան օդանավակայանից դուրս։

Infocom-ը փորձեց պարզել, թե ինչ հիմնավորմամբ է գործել այս արգելքը, արդյոք փաթեթավորումը խանգարո՞ւմ է ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման գործընթացին, և եթե այո, ապա ինչպե՞ս է խանգարում։

Օգոստոսի 6-ին վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար Infocom-ը կապ հաստատեց Զվարթնոց օդանավակայանի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ։ Մեր զրույցում վերջինս ասաց, որ կորոնավիրուսի տարածման, կանխարգելման վերաբերյալ կա պահանջ, համաձայն որի՝ ուղեբեռները պետք է պարտադիր կերպով ախտահանվեն: Սակայն, ինչպես նշեց Հովհաննիսյանը, օդանավակայանում ախտահանումից հետո պարտադիր փաթեթավորման պահանջ չկա․

«Դա ըստ ցանկության է. ուղևորն ինքն է որոշում՝ ուզում է փաթեթավորել, թե ոչ: Օդանավակայանում գործում է փաթեթավորման ծառայություն, որի վերահսկող մարմինը օդանավակայանն է, իսկ ինչ վերաբերում է ծառայության գնագոյացմանը, ապա օդանավակայանը որևէ առնչություն չունի դրա հետ: Անվտանգության, հաշվառման և այլ ծառայության աշխատակիցներ աշխատանքային գործունեության ընթացքում որոշ դեպքերում ստիպված են լինում ուղիղ առնչվել ուղեբեռի հետ և հակահամաճարակային նորմերն առավել արդյունավետ պահպանեու համար պետք է ուղբեռը լինի ախտահանված առանց որևէ հավելյալ փաթեթավորման»։

Պատասխանում որևէ կերպ չէր հստակեցվում, թե ինչով է պոլիէթիլենային փաթեթավորումը խանգարում ախտահանման գործընթացին։

Օգոստոսի 8-ին հարցում ուղարկեցինք Առողջապահության նախարարություն, որին ի պատասխան՝ գերատեսչությունից հայտնեցին, որ ուղեբեռների ախտահանման պահանջը՝ որպես կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) կանխարգելման լրացուցիչ միջոցառում, ներառվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) հարուցչի վերաբերյալ նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ վարակը տարածվում է նաեւ կոնտակտային ճանապարհով, քանի որ տարբեր առարկաների մակերեսներին վիրուսի կենսունակությունը բավական բարձր Է։ Հայտնեցին նաև, որ ախտահանման ենթակա ուղեբեռների փաթեթավորված լինելու կամ չլինելու հարցը Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանով չի կարգավորվել։ 

2021 թվականի օգոստոսի 12-ից նախարարի հրամանի այս կետը ուժը կորցրած ճանաչվեց։ Այն հարցին, թե ինչու հանվեց ախտահանման պահանջը, նախարարությունից պատասխանեցին․

«Վերջին շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ կոնտակտային ճանապարհով կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) տարածումը հիմնականում տեղի է ունենում ձեռքերի միջոցով, հետեւաբար, որպես կանխարգելիչ միջոցառում, առավել կարեւորվել է անձնական հիգիենայի պահպանումը, մասնավորապես՝ ձեռքերի հաճախակի լվացումը եւ պարբերաբար ախտահանումը: Ելնելով նշվածից՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID 19) պայմանավորված սահմանափակումները մեղմելու, ինչպես նաեւ ֆինանսական բեռը նվազեցնելու նպատակով, Առողջապահության նախարարի 2011 թվականի հուլիսի 13-ի N 51-Ն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանի 22-րդ հավելվածի 9-րդ կետի 8-րդ ենթակետը՝ ուղեբեռների ախտահանման պահանջը»։

Զրուցեցինք նաև ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանի հետ։ Infocom-ի հետ զրույցում Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացրին, որ նախկինում գործող ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման կարգը չի սահմանվել Տեսչական մարմինը։

«Տեսչական մարմինն ունի միայն վերահսկողական գործառույթ, քաղաքականություն մշակող չէ, այսինքն՝ վերահսկում է կառավարության, առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի պահպանումը»,- ասաց Խաչատրյանը։

Հարցում ուղարկեցինք նաև «Զվարթնոց» օդանավակայան՝ հասկանալու, թե որ ընկերությունն է իրականացրել ուղեբեռների ախտահանումը, որ մարմինն է որոշել, որ նախապես արված փաթեթավորումը պետք է  հեռացվի և հետո նոր ուղեբեռը ախտահանվի։ Օդանավակայանից մեր հարցմանը տրված պատասխանում միայն նշեցին որ գործընթացը կարգավորվել է նախարարի հրամանով։

Չստանալով մեր հարցերի պատասխանը՝ կրկին դիմեցինք օդանավակայանի խոսնակին, որի հետ ունեցած զրույցից արդյունքում միայն կարողացանք պարզել, որ ախտահանումը որևէ ընկերություն չի իրականացնում,  ախտահանման սարքը ուղղակի դրվել է օդանավակայանում, և ախտահանումն իրականացրել է օդանավակայանը, և ոչ թե որևէ մասնավոր ընկերություն։

Այսպիսով,  ԱՆ թիվ 17-Ն հրամանով, որին հղվում է օդանավակայանը, միայն սահմանված էր փակ տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման պահանջը, իսկ ուղեբեռների փաթեթավորված լինելու կամ չլինելու հարցը այս հրամանով չի կարգավորվել։ 

Ստացվում է՝ ավելի քան մեկ տարի օդանավակայանից օգտվողների համար սահմանված է եղել պահանջ, որի իրավական հիմքն առկա չէ և դրա արդյունքում մենաշնորհային գործունեության հնարավորություն է ստացել օդանավակայանի տարածքում գործող փաթեթավորման ծառայությունը։ 

Ասպրամ Փարսադանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել