Ռադիոյի մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթի խնդրահարույց գնահատականները
16:55 - 22 հոկտեմբերի, 2021

Ռադիոյի մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթի խնդրահարույց գնահատականները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) մրցույթ էր հայտարարել մայրաքաղաք Երևանում և Արարատի մարզում ռադիոյի հեռարձակման լիցենզավորում տրամադրելու համար։ Մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթը միանգամից երեք հաճախականությունների համար էր (93․2, 96․3 և 99․7 ՄՀց):  ՀՌՀ-ի՝ օգոստոսի 13-ի նիստում ամփոփվեցին մրցույթի արդյունքները։

Մայրաքաղաքային սփռման 93․2 ՄՀց հաճախանականության օգտագործման լիցենզավորում ստանալու համար դիմել էր 4 ընկերություն՝ «Շարկ» ՍՊԸ, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ, «։Բուն» գիտամշակութային հիմնադրամ, «Զարկ մեդիա» ՍՊԸ։  Այս մրցույթում հաղթել է  «Զարկ մեդիան»։

96․3 ՄՀց  հաճախականության օգտագործման լիցենզավորում ստանալու համար դիմել էր 3 ընկերություն՝ «Շարկ» ՍՊԸ, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ, «։Բուն» գիտամշակութային հիմնադրամ։ Մրցույթում հաղթել է «Հիբրիդ բրոդքասթինգ» ընկերությունը։

99․7 ՄՀց հաճախականության օգտագործման լիցենզավորման համար դիմել էր 5 ընկերություն՝ «Շարկ» ՍՊԸ, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ, «։Բուն» գիտամշակութային հիմնադրամ, «Էֆ-Էմ» ՍՊԸ, «Հոուփ մեդիա» ՍՊԸ։ Այս մրցույթում հաղթել է «Էֆ-Էմ» ընկերությունը։

Ինչպես տեսնում ենք, «Շարկ» ՍՊԸ-ն, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ-ն և «։Բուն» գիտամշակութային հիմնադրամը դիմել են միանգամից 3 հաճախականության օգտագործման լիցենզավորում ստանալու համար մրցույթներին։

ՀՌՀ անդամները (Տիգրան Հակոբյան (ՀՌՀ նախագահ), Հայկ Քոթանյան, Վլադիմիր Օհանյան, Դավիթ Ամալյան, Կորյուն Առաքելյան, Արմեն Մկրտչյան, Ռոլանդ Շառոյան), ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների հայտերը, գնահատել են նրանց՝ ըստ մի քանի չափանիշների

  • սեփական արտադրության հաղորդումների գերակայություն, 
  • հայերեն հաղորդումների գերակայություն,
  • բազմակարծությունը խթանելու կարողություն,
  • տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ,
  • աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն,
  • ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայություն։

Այն դեպքերում, երբ մրցույթին մասնակցողը  լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցող է, գնահատելիս հաշվի է առնվում նաև մասնակցի գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորությունների համապատասխանությունը։

ՀՌՀ-ից խնդրել էինք մեզ տրամադրել լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերը, ինչպես նաև հանձնաժողովի անդամների վարկանիշային գնահատման արդյունքները։

ՀՌՀ-ից մեզ չեն տրամադրել միայն մրցույթի մասնակիցների ֆինանսական միջոցների և աշխատակազմի պատրաստավածության մասին տվյալները, քանի որ, ինչպես նշել է հանձնաժողովը, այդ տվյալները պարունակում են աձնական, բանկային և առևտրային գաղտնիք։

«Շարկ» ՍՊԸ-ն, «Հիբրիդ բրոթքասթինգ» ՍՊԸ-ն և «։Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որոնք դիմել էին երեք հաճախականությունների մրցույթների համար, իրենց ներկայացրած միևնույն ծրագրերի համար երեք մրցույթներում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանից և ՀՌՀ անդամ Դավիթ Ամալյանից ստացել են տարբեր գնահատականներ։ 

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն, օրինակ, «։Բուն» հիմնադրամին սեփական արտադրության հաղորդումների գերակայության համար մի դեպքում գնահատել է 19, երկու դեպքում՝ 11, հայերեն հաղորդումների գերակայության համար մի դեպում՝ 19, մի դեպքում՝ 14, մի դեպքում՝ 13, բազմակարծության համար մի դեպքում՝ 17, մի դեպքում՝ 9, մի դեպքում՝ 10, տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների համար մի դեպքում՝ 12, երկու դեպքում՝ 15, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության համար մի դեպքում 13, երկու դեպքում՝ 16, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության համար մի դեպքում՝ 18, երկու դեպքում՝ 11։

Փոփոխություններ եղել են նաև «Հիբրիդ փրոդքասթինգի» գնահատականներում։ «Շարկ» ՍՊԸ-ի գնահատականները Տիգրան Հակոբյանը թողել է անփոփոխ։ 

Դավիթ Ամալյանը մրցույթների ժամանակ երեք ընկերությունների գնահատականներն էլ փոխել է։

Ստորև կարող եք տեսնել ՀՌՀ բոլոր անդամների՝ երեք ընկերություններին տված գնահատականները, ինչպես նաև Տ․ Հակոբյանի և Դ․ Ամալյանի գնահատականների փոփոխությունները։

 

 

ՀՌՀ-ից պարզաբանում էինք խնդրել, թե ինչու են որոշ դեպքերում միևնույն ծրագրերը տարբեր կերպ գնահատվել։ Հանձնաժողովից պատասխանել են, որ այս մասնակիցները, քանի որ միանգամից երեք մրցույթի համար են դիմել, գնահատվել են յուրաքանչյուր մրցույթում ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի համադրման և համեմատության արդյունքում։

Առաջին մրցույթին, բացի նշված երեք ընկերություններից, մասնակցել է «Զարկ մեդիա» ՍՊԸ-ն, երկրորդ մրցույթի միակ մասնակիցները եղել են երեք ընկերությունները, երրորդ մրցույթին այդ երեքի հետ մասնակցել են նար «Հուփ մեդիա» և «Էֆ-Էմ» ընկերությունները։

Եթե, ինչպես նշված է ՀՌՀ-ի պատասխանում, միևնույն մասնակիցները տարբեր մրցույթներում գնահատվել են ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի համադրման և համեմատության արդյունքում, ապա հարց է առաջանում, թե ինչու երեք ընկերությունների գնահատականները չեն փոխվել համամասնորեն այն դեպքում, երբ նրանք միասին են մասնակցել բոլոր մրցույթներին, իսկ առաջին ու երրորդ մրցույթների ժամանակ ավելացել են նոր մասնակիցներ։

Տիգրան Հակոբյանն, օրինակ, «Շարկ» ՍՊԸ-ի գնահատականներն անփոփոխ է թողել երեք մրցույթների ժամանակ, «Հիբրիդ բրոդքասթինգ» ՍՊԸ-ի գնահատականներում կատարել է 1 կամ 2 միավորի փոփոխություն, իսկ «։Բուն» հիմնադրամի գնահատականներում եղել են 3-8 միավորի տատանանումներ։։ Դավիթ Ամալյանի գնահատականներում կտրուկ փոփոխություններ չեն եղել, սակայն նրա դեպքում ևս երեք ընկերությունների գնահատականները համամասնորեն չեն փոխվել։

ՀՌՀ անդամների գնահատականներում հստակ չէ ևս մի դրվագ։ Մրցույթի մասնակիցներից «Էֆ-էմ» ընկերությունն իր ծրագրում նշել է, որ իրենց մոտ գերակշռելու են սեփական և հայրենական արտադրության հաղորդումները։ «Հոուփ մեդիա»-ն ծրագրում նշել է, որ իր բոլոր հաղորդումներն են լինելու սեփական արտադրության։ ՀՌՀ բոլոր անդամները «Էֆ-էմ»-ին տվել են ավելի բարձր գնահատականներ (ըստ ՀՌՀ անդամների հերթական համարների՝ 18, 18, 18, 18, 17, 17, 17), քան «Հոուփ մեդիային» (գանահատկանները՝ 16, 15, 17, 16, 16, 16, 16)։

«Էֆ-էմ» ընկերությանը հայերեն հաղորդումների գերակայության համար ՀՌՀ անդամներից 6-ը (Տիգրան Հակոբյան, Հայկ Քոթանյան, Վլադիմիր Օհանյան, Դավիթ Ամալյան, Կորյուն Առաքելյան, Ռոլանդ Շառոյան) ամենաբարձր գնահատականներն են տվել (17, 18, 19, 19, 17, 18)։ Սա այն դեպքում, երբ այս ընկերությունն իր ծրագրում նշել է միայն, որ իր հաղորդուներում գերակշռելու են սեփական և հայրենական (նույնն է՝ հայերենով) հաղորդումները, իսկ, օրինակ, «Հոուփ մեդիա»-ն նշել է, որ իր հաղորդումների 80%-ն է լինելու հայերենով։ 

Հանձնաժողովը, սեփական արտադրության հաղորդումների գնահատման վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան, նշել է․ «Հոուփ մեդիա» ՍՊ ընկերության ներկայացրած փաստաթղթերում թեպետ նշված է, որ բոլոր հաղորդումները իրենք են ստեղծում, սեփական արտադրության են, սակայն նշվել է նաև, որ հաղորդումների 20%-ը լինելու է ռուսերենով՝ գործընկեր ռադիոալիքների նմանատիպ հաղորդաշարեր»:

Ինչ վերաբերում է հայերեն հաղորդումների գերակայության համար «Էֆ-էմ» ընկերությանն ամենաբարձր գնահատականներ տալուն, խնդրել էինք ՀՌՀ-ին մեկնաբանել, թե թվային ինչ արժեքով են ընկալել «հաղորդումները գերակշռելու են» ձևակերպումը և ինչպես են այդ ձևակերպումն այլ ընկերության նշած «80% հայերեն հաղորդումներ» ձևակերպման հետ համեմատել։

ՀՌՀ-ն չէր պատասխանել մեր հարցին՝ խնդրելով «բառերի իմաստային բացատրության համար դիմել Լեզվի կոմիտե»։

Այս պատասխանից հետո մենք դիմեցինք Լեզվի կոմիտե՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյոք «գերակշռել» բառը թվային/տոկոսային արտահայտություն կարո՞ղ է ունենալ, և որքան կարող ենք հասկանալ, երբ ասում ենք՝ որևէ բան գերակշռում է։

Լեզվի կոմիտեից մեզ հայտնեցին, որ «գերակշռել» բառը «տոկոսային արտահայտություն» ունենալ չի կարող։ Այն որոշակի թիվ չի նշանակում և «թվային արտահայտություն» չունի։

Համաձայն Լեզվի կոմիտեի պատասխանի՝ երբ, դիցուք, ասում ենք՝ «Դրսում գերակշռում են սև ավտոմեքենաները», կարող ենք հասկանալ, որ սև է ավտոմեքենաների, օրինակ 70, 80 կամ 90 տոկոսը։ Այս բառը երբեմն գործածվում է նաև պարզապես մեծ մաս լինելու, մեծամասնություն կազմելու դեպքում։

Այսպիսով, եթե փորձենք համեմատել  «Հոուփ մեդիայի» նշած 80%-ն ու «Էֆ-էմ»-ի նշած «գերակշռելը», չենք կարող ասել, թե որ դեպքում են հայերեն հաղորդումներն ավելի շատ լինելու, քանի որ գերակշռելը կարող է 80%-ից և՛ ավելի լինել, և՛ պակաս։

Այս հարցը, ինչպես նաև Լեզվի կոմիտեի պատասխանն ուղարկեցինք ՀՌՀ՝ խնդրելով լրացուցիչ մեկնաբանություն, և կրկին ստացանք այն պատասխանը, որ «Էֆ-էմ»-ի ծրագրում հակասություն է եղել․ նշվել է, որ հաղորդումների 100%-ը լինելու է սեփական արտադրության, բայց 20%-ը լինելու է ռուսերենով՝ գործընկեր ռադիոալիքների նանատիպ հաղորդաշարեր։ Իսկ հայերեն հաղորդումների գնահատականների վերաբերյալ մեկնաբանություն ՀՌՀ-ն կրկին չէր տվել։

«Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՌՀ անդամների կողմից գնահատականները տրվում են յուրաքանչյուր չափորոշիչի վերաբերյալ ծրագրում ներկայացված դրույթների ընդհանուր համատեքստում»,- հավելել էր հանձնաժողովն իր պատասխանում։

 

Գլխավոր լուսանկարը՝ ՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջից

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել