2022-ի բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի ՀՆԱ-ի 27,8 տոկոսը՝ 2,188.4 մլրդ դրամ․ Տիգրան Խաչատրյան
12:24 - 30 սեպտեմբերի, 2021

2022-ի բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի ՀՆԱ-ի 27,8 տոկոսը՝ 2,188.4 մլրդ դրամ․ Տիգրան Խաչատրյան

2022-ի պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2022-ի բյուջեի ծրագրավորումն ուղղորդվել է կառավարության գործունեության ծրագրի նպատակներով եւ առաջնահերություններով, դրանում տեղ են գտել այն ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղիղ կապված են կառավարության գործունեության ծրագրով ամրագրված թիրախների հետ, որոնք են բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն 7 տոկոս՝ տարեկան։ Խաչատրյանի խոսքով՝ բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական եւ սոցիալական նշանակության միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինանսական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պարագայում լավագույն միջավայր ստեղծեն 2022-ին եւ հետագա տարիներին՝ նշված տնտեսական թիրախին ահսնելու համար։

«Բյուջեով նախատեսվում է, որ տարվա ընթացքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի շուրջ 0,9 տոկոսով եւ 2022—ի ավարտին հասնի ՀՆԱ-ի 23,4 տոկոսին։ Բյուջեի ծրագիրն ուղղակիորեն արտացոլում է մակրոտնտեսական կայունության եւ դրա հետ կապված պետական պարտքը կառավարելի մակարդակի երաշխավորելու առաջահերությունը։ Նախատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրվող ենթակառուցվածքային եւ տնտեական զարգացման կարեւոր նշանակության այլ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար փոխառությունների ներգրավման արդյունքում բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,2 տոկոսը, իսկ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 60,2 տոկոսը՝ տարեվերջին»,- ասաց Խաչատրյանը։

2022-ի բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի ՀՆԱ-ի 27,8 տոկոսը՝ 2,188.4 մլրդ դրամ՝ առանց միջբյուջետային փոխանցումների։ Այն նախորդ տարվա բյուջեով հաստատված ծախսերի նկատմամբ ավելի է 18,2 տոկոսով։ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի համախմբված բյուջեն եկամուտների գծով գնահատվում է 2,005.4 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի)։ Իսկ բյուջեի դեֆիցիտը՝ պակասուրդը, 242.2 մլրդ դրամ է գնահատվում։ Հայաստանի Հանրապետության համայնքների 2022 թվականի բյուջեները գնահատվում են ա. եկամուտների գծով՝ 183.0 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), բ.  ծախսերի գծով՝  183.0 մլրդ դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել