ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է, որ ԼՂ կոնֆլիկտը ավարտված չէ․ Արմեն Գրիգորյան
14:16 - 02 հոկտեմբերի, 2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է, որ ԼՂ կոնֆլիկտը ավարտված չէ․ Արմեն Գրիգորյան

ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջան այցը ևս մեկ անգամ ապացուցում է դա։ Այս մասին երեկ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը նաև ասել է, որ Հայաստանի տարածքում չի կարող գոյություն ունենալ սուվերեն միջանցք։ «Միջանցքներ կամ ճանապարհներ հնարավոր է՝ բացվեն, որից նաև կարող են օգտվել ադրբեջանցիները, կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվի, այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ»։

Պետրոս Ղազարյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկություն է հայտնել խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա հետաքրքվել է ՝ Հայաստանը նույնպես պատրա՞ստ է հանդիպմանը։

«Մենք ավելի շուտ հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել և քննարկել հարցեր։ Եթե իսկապես պատրաստակամություն լինի, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- պատասխանելով հարցին՝ նշել է ԱԽ քարտուղարը։ 

Անդրադառնալով այս տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցման վերաբերյալ հարցին, Գրիգորյանն ասել է․ «Մենք շարունակում ենք քննարկումները ՀԱՊԿ-ի հետ, որպեսզի փորձենք լուծում գտնել»,-հավելելով, որ փորձում են խաղաղ ճանապարհով կարգավորել հարցը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել