Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես․ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
11:16 - 05 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես․ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։

«Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ:

Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը:

Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպնության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են:

«Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, և որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար:

Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում:

Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան:

Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Ացախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»,-նշել է նա հայտարարության մեջ:

Նշենք, որ Իլհամ Ալիևը այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Մատաղիսում հայտարարել էր, թե «եթե Սերժիկի տղամարդկությունը հերիքում է, թող գա այստեղ»։ Ալիևը նշել էր, թե ինքը Մատաղիսում է (Սուգովուշան), Շուշիում է (Շուշա), Մարտունիում է (Խոջավենդ), «ամեն տեղ է»։ «Դո՞ւք որտեղ եք։ Դժոխքում եք, գերեզման դարձած կարգավիճակի հետ մի տեղում»,- ասել էր նա։

Ալիևը իր խոսքում նաև նշել էր, թե իրենք «հաղթել են Սերժիկին, ծնկի են բերել, մեջքը կոտրել են։ «Նա ծնկի է եկել մեր առաջ, նրա կառուցած բանակը ծնկի է եկել մեր առաջ»,- հայտարարել է նա։

Հավելենք, որ Իլհամ Ալիևը պատասխանել էր Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, որում վերջինս ասել էր․ «Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իր հակառակորդի հետևից չի խոսում, բամբասում, աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևը իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում։ Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշեր՝ և դու, և հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին՝ թե ռազմի դաշտում, թե դիվանագիտության դաշտում։ Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018-ի՝ դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին և Հադրութը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել