ԼՂ տարածքների օկուպացիայի մասին անընդհատ բարձրաձայնելը չի ստեղծի այն նպաստավոր պայմանները, որոնցում հնարավոր կլինի բովանդակային լուրջ քննարկում ունենալ եւ մոտեցնել հարցի լուծումը․ Արարատ Միրզոյան
18:13 - 06 հոկտեմբերի, 2021

ԼՂ տարածքների օկուպացիայի մասին անընդհատ բարձրաձայնելը չի ստեղծի այն նպաստավոր պայմանները, որոնցում հնարավոր կլինի բովանդակային լուրջ քննարկում ունենալ եւ մոտեցնել հարցի լուծումը․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց, որ ինքը գործադիրի ներկայացուցիչներից որեւէ մեկից չի լսել որեւէ միջազգային հարթակում Արցախի հայկական տարածքների օկուպացիայի մասին փոքրիշատե ամուր հիշատակում․ «Բացարձակ որեւէ ռեւանշիզմի մոտեցման մասին խոսք չի գնում, խոսքը միջազգային հարթակներում մեր հայրենիքի շահերը պաշտպանելու մասին է եւ բարձրաձայնելու, որ մեր հայրենիքի որոշ հատված օկուպացված է թշնամու կողմից։ Հարցս՝ Ձեր կառավարության կազմում կա՞ գոնե մի հոգի, որ պատրաստ է գոնե սկզբի համար էս ամբիոնից պնդել, որ մեր հայրենիքի որոշակի հատված օկուպացված է»,- հարցրեց Մամիջանյանը։

Նրան պատասխանեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մաս հանդիսացած եւ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերաբերյալ խոսակցություն առկա է, օրակարգում կա․ «Այդ խոսակցությունը մեր կողմից մատնանշվում է զանազան միջազգային հարթակներում եւ միջազգային գործընկերների հետ խոսակցության ժամանակ, եւ, ենթադրաբար, դա, ինչպես նաեւ ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ խոսակցությունը եւ համաձայնությունն ինչ-որ պահի բանակցային փուլում պիտի տեղի ունենա, բայց կարծում եմ կհամաձայնեք, որ այդ մասին անընդհատ բարձրաձայնելը չի ստեղծի այն նպաստավոր պայմանները, որոնցում հնարավոր կլինի էականորեն բովանդակային լուրջ քննարկում ունենալ եւ մոտեցնել հարցի լուծումը։ Էլ չասած, որ ճիշտ հակառակը՝ նոր վտանգներ կարող է առաջացնել հայ ժողովրդի համար»։ 

Մամիջանյանը Միրզոյանի հետ չհամաձայնեց․ «Թշնամի երկրի վարած արտաքին քաղաքականությունը տեւական ժամանակ կառուցված էր ստահոդ եւ կեղծ շղարշ ստեղծել աշխարհում, թե իբր Հայաստանն իր հայրենիքն ազատագրելիս ներկայացել է որպես օկուպանտ, եւ խորապես համոզված եմ, որ միջազգային բոլոր հարթակներում մեր երկիրը պիտի ներկայացնի այն փաստը, որ մեր հայրենիքի որոշ հատված օկուպացված է»,- ասաց Հայկ Մամիջանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել