Հայաստանն ու Իտալիան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր
16:08 - 07 հոկտեմբերի, 2021

Հայաստանն ու Իտալիան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 6--ին Հռոմում հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիային։

«Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է նոր խթան հաղորդելու Հայաստան-Իտալիա հարաբերություններին»,- նշված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:

Շեշտելով, որ արդարադատության բարեփոխումները Հայաստանի կառավարության օրակարգի ամենակարևոր ուղղություններից են՝ Կարեն Անդրեասյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում այդ ոլորտում իրականացված աշխատանքներն, ինչպես նաև՝ անդրադարձել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության, քրեակատարողական համակարգի և այլ ոլորտների բարեփոխումներին:

Կարեն Անդրեասյանը Մարտա Կարտաբիայի հետ զրույցում շեշտել է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է ստեղծել նոր և թափանցիկ ինստիտուտներ՝ միջազգային, այդ թվում` եվրոպական գործընկերների աջակցությամբ։ Այդ համատեքստում, նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Իտալիային «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի ներդրման համար, որով ԵԱՀԿ-ն օգնում է ՀՀ կառավարությանը ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե։ Ծրագրի հիմնական դոնոր պետությունը Իտալիայի Հանրապետությունն է:

Հայաստանի արդարադատության նախարարը Մարտա Կարտաբիային Հայաստան այցելելու հրավեր է արել։

Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների Արդարադատության ակադեմիաների միջև համագործակցության խորացմանը նպաստող հուշագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Իտալիայի արդարադատության ինստիտուտի նախագահ Ջորջիո Լատանցին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել