Կառավարության նիստում պատվաստումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում․ Արծվիկ Մինասյան
11:47 - 08 հոկտեմբերի, 2021

Կառավարության նիստում պատվաստումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում․ Արծվիկ Մինասյան

Մեկ տարի է անցել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից, բայց այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել բոլոր այն իրողություններին, որոնք անհրաժեշտ են մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խոսելով անվտանգության միջավայրի, ներքին եւ արտաքին սպառնալիքների գնահատման ու ռազմավարական վերանայման, մեր երկրի կարեւոր ուղղությունների ռազմավարությունը մշակելու մասին։

«Այս երկու ամսվա ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ այդ կարեւոր ուղղությամբ տրվող հարցերի շուրջ իշխանությունները ոչ լիարժեք գնահատված եւ նաեւ մանիպուլյացիոն պատասխաններ են հղում մեր հանրությանը՝ որոշ դեպքերում մոլորեցնելով նաեւ գոյություն ունեցող իրական մտահոգությունների շուրջ՝ սահմանային իրավիճակ Սյունիքում, Գեղարքունիքում, անվտանգային համակարգի ձեւավորում ու զարգացում»,- ասաց Օհանյանը։

Նրա դիտարկմամբ՝ ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ կառավարությունը չի գտնում այն առաջնահերությունները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացնի (ԱԺ վերջին քառօրյային անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր չեն քննարկվել,- հեղ․)։

Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ Մինասյանը նշեց, որ երեկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների 1/5-ով դիմում են ներկայացրել ՍԴ՝ համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով․ «Այս խոշորացումն ունի քաղաքական նպատակ՝ սեփական իշխանությունն էլ ավելի ամրապնդելու եւ բոլոր տարածներում ՔՊ-ական իշխանություն հաստատելու։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանը հետ չի կանգնում իր ապօրինի վարքագծից։ Նա կառավարության նիստում խոսում էր նաեւ պատվաստումների մասին, եւ, ըստ էության, հրահանգավորում տվեց իրավապահ մարմիններին, ավելին՝ պահանջեց որպեսզի քննչական մարմիններն իրեն զեկուցեն․ սա ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում կամ չարաշահում, առերեւույթ հանցագործություն, որովհետեւ չի կարող գործադիր իշխանության ղեկավարը քննչական մարմիններից պահանջի զեկուցումներ, կալանավորումներ կամ ձերբակալումներ»,- ասաց Մինասյանը՝ խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, որտեղ վերջինս ասել էր․ «Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար։ Կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալեք, կալանավորեք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել