Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ
12:52 - 12 հոկտեմբերի, 2021

Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում 7-րդ անգամ առաջադրել է խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Հանձնաժողովի նիստին ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն․ նիստը վարում է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 պատգամավորների մասնակցությամբ։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պետք է ներկայացներ առաջադրած թեկնածուին, սակայն ոչ նա, ոչ էլ թեկնածուն չեն եկել նիստին՝ ըստ ամենայնի բոյկոտելով քննարկումը։ Բանն այն է, որ ՔՊ-ական պատգամավորներն անհամաձայնություն ունեն Ղազինյանի թեկնածության հետ, եւ արդեն վեց անգամ չեն ընտրել նրան՝ հայտարարելով, որ խնդրի հանգուցալուծման բանալին ընդդիմադիրների ձեռքում է՝ թող  առաջադրեն այլ թեկնածու։ Ընդդիմադիրներն էլ պնդում են իրենց դիրքորոշումը։

Քանի որ թեկնածուն ներկա չէր, պատգամավորները, բնականաբար, նրան չէին կարող հարցեր ուղղել․ չնայած հնարավոր բոլոր հարցերը առաջին մի քանի քննարկումների ժամանակ արդեն իսկ հնչել էին։ Պատգամավորները նաեւ ելույթներին չունեցան՝ ի վերջո անցնելով քվեարկությանը, որի արդյունքը ենթադրելի էր․ Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել