ԵԽԽՎ զեկույցով Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց․ Ռուբեն Ռուբինյան
13:04 - 12 հոկտեմբերի, 2021

ԵԽԽՎ զեկույցով Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց․ Ռուբեն Ռուբինյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի համար երկու կարևոր զեկույց է քննարկվել։

«Առաջինը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցն էր։ Այն Հայաստանում անցկացված ընտրությունները գնահատում էր մրցակցային և լավ կազմակերպված։ Ըստ էության, սա Հայաստանի արդեն երկրորդ համապետական ընտրությունն էր, որ բարձր գնահատականի են արժանանում ԵԽԽՎ դիտորդների կողմից»։

Մյուս զեկույցը, Ռուբինյանի խոսքով, Ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքների մասին զեկույցն է․ «Այդ զեկույցում, ըստ էության, տեղ են գտել բոլոր այն մտահոգությունները, որ ունեինք և այն կետերը, որ կցանկանայինք, որ լիեին այդ զեկույցում։ Մասնավորապես, զեկույցում ֆիքսվում է, որ պատերազմը հակամարտող կողմերի՝ ԵԽ անդամ լինելու ստանձնած պարտավորությունների խախտում է և ԵԽԽՎ-ն պետք է ուսումնասիրի այս հարցը։ Ֆիքսվում է Թուրքիայի աջակցությամբ կամ Թուրքիայի մասնակցությամբ սիրիացի վարձկանների  տեղափոխումը Ղարաբաղ և մասնակցությունը պատերազմին։ Ֆիքսվում է և հստակ կոչ է արվում ադրբեջանցիներին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ անկախ տարատեսակ հանգամանքներից և անկախ այն կարգավիճակից, որ տրված են այդ անձանց Ադրբեջանում»։

Ռուբինյանը հավելեց նաև, որ զեկույցում խոսվել է հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, դատապարտվել է Ադրբեջանում ծավալվող կեղծ ալբանական թեզի գոյությունը։ Անդրադարձ կա նաև Ադրբեջանում պաշտոնական և բարձր մակարդակում օգտագործվող ատելության խոսքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել