Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
21:28 - 12 հոկտեմբերի, 2021

Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Անն Լույոյին:

Ողջունելով դեսպանին՝ առողջապահության նախարարը բարձր է գնահատել տարիների ընթացքում առողջապահական ոլորտում ձևավորված հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դեսպանի առաքելությունը Հայաստանում ավելի կխորացնի երկկողմ գործակցությունը:

«Հումանիտար օգնության, մասնագիտական փորձի փոխանակման և այլ ոլորտներում հայ և ֆրանսիացի բժիշկների կապը մշտական է: Անելու ենք ամեն բան առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունները հումանիտար օգնության ուղղությունից մասնագիտական համագործակցության ոլորտ տեղափոխելու համար»,-ասել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Անն Լույոն նշել է, որ առողջապահությունը հայ-ֆրանսիական երկկողմ գործակցության կարևորագույն ոլորտներից է:

Առողջապահական մարտահրավերներին դիմակայելու հարցում կողմերը կարևորել են Հայաստանի առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների շարունակական կապը:

Անահիտ Ավանեսյանը շեշտել է ֆրանսիական «Santé Arménie» («Առողջապահություն Հայաստան») կենտրոնի հետ համագործակցությունը, որի բժիշկների թիմը համակարգում է ոլորտի մի շարք ուղղություններ:

Նախարարն ընդգծել է նաև Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում, պատերազմի ընթացքում և հետպատերազմական իրավիճակում` վիրավոր զինվորների բուժօգնությունը կազմակերպելու հարցում:

Զրուցակիցները քննարկել են մասնագետների վերապատրաստումների կազմակերպման հարցերը, հստակեցրել ոլորտային համագործակցության հիմնական ուղղությունները։

Հանդիպմանը անդրադարձել է եղել նաև Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացին և պատվաստանյութերի ձեռքբերմանն առնչվող մանրամասներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել