Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի պայմանները
12:27 - 14 հոկտեմբերի, 2021

Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի պայմանները

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել  կառավարության նախկինում ընդունած երկու որոշումներում։  

Նախագծի նպատակն է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերի, պայմանների և դրույթների հստակեցումն ու պարզեցումը, ինչպես նաև շահառուների շրջանակի ընդլայնումը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի  որոշմամբ սահմանվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը, իսկ 2020 թվականի  որոշմամբ հաստատվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը։

Իրականացվում են միանվագ դրամական աջակցության(մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն) կանխավճարի ապահովագրության (հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար) և երեխայի ծննդյան աջակցության (հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն) ծրագրերը։

Ըստ կառավարության նախագծի՝ ծրագրերի ընթացակարգերը խիստ սահմանափակում են շահառուների շրջանակը, ինչի արդյունքում շահառուները, բավարարելով ծրագրերով սահմանված պահանջներին, չեն ընդգրկվում ծրագրերում։   

Ըստ Կառավարության առաջարկած փոփոխությունների՝ հստակեցվում է, որ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում աջակցության չափը հաշվարկվում է դիմելու օրվա դրությամբ առկա մնացորդային մայր գումարի հիման վրա։ 

Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության հաշվարկման մեխանիզմը։ «Այս փոփոխության արդյունքում պետական բյուջեի ծախսերը կարող են ավելանալ մինչև 2%-ով, քանի որ համաձայն վիճակագրության, 1 տարվա ընթացքում միաժամանակ մեկից ավելի երեխա ունեցած շահառուների թիվը կազմում է 5, ինչն առավելագույն հաշվարկով կազմում է 10 մլն դրամ»։

Նոր որոշմամբ դուրս է գալիս նաև այն պահանջը, որով միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում շահառուն պետք է ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցի իր անչափահաս բոլոր երեխաների անունով։

Հստակեցվում է, որ շահառուին կանխավճարի ապահովագրության ծրագրերում ընդգրկելու մասին որոշում ընդունվելու դեպքում շահառուի կողմից հերթական տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը վճարելուց հետո կազմակերպությունը լիազոր մարմնին է տրամադրում նաև պայմանագրով սահմանված՝ ապահովագրված հիփոթեքային պարտավորության չափը, ապահովագրավճարի դրույքաչափը, տարեկան ապահովագրական վճարի չափը, քանի որ այդ տվյալները յուրաքանչյուր հաջորդ տարի փոփոխվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել