ՀՀ-ն ակնկալում է, որ միջազգային դատարանն ականջալուր կլինի ներկայացված ապացույցներին. Կիրակոսյանը Հաագայից մանրամասներ հայտնեց |armenpress.am|
17:19 - 14 հոկտեմբերի, 2021

ՀՀ-ն ակնկալում է, որ միջազգային դատարանն ականջալուր կլինի ներկայացված ապացույցներին. Կիրակոսյանը Հաագայից մանրամասներ հայտնեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ ներկայացված գործով լսումների առաջին օրը կարողացել է լավագույնս ներկայացնել իր դիրքորոշումը, ապացույցները, փաստարկները՝ դատարանից ակնկալելով ականջալուր լինել համոզիչ փաստարկներին:  Հաագայից մանրամասներ է հայտնել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, այս գործով ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը:

«Լսումների առաջին օրվա առաջին հատվածում Հայաստանը ներկայացրեց իր պնդումներն ու իրավական փաստարկները, ապացույցները, որոնցով հիմնավորվում են Հայաստանի կողմից պահանջվող հրատապ միջոցների կիրառման հանգամանքները: Սա առաջին փուլն էր, որին պետք է հաջորդի Ադրբեջանի պատասխանը օրվա երկրորդ կեսին: Առավոտյան արդեն կրկին Հայաստանը պետք է ներկայացնի իր հակափաստարկները: Կարծում ենք, որ դա կամփոփվի օրվա ավարտին նաև Ադրբեջանի պատասխանով»,-ասաց Կիրակոսյանը:

Դատարանի արձագանքը լինելու է որոշման տեսքով: Ակնկալվում է, որ Արդարադատության միջազգային դատարանը որոշումը կկայացնի 1-1.5 ամսվա ընթացքում:

«Հայաստանը, կարծում եմ, կարողացավ իր ներկայանալի թիմով լավագույնս և ամբողջությամբ շատ մանրակրկիտ և շատ փաստարկված ներկայացնել հայկական դիրքորոշումը, փաստարկները և ապացույցները: Կսպասենք արձագանքին: Վստահ ենք, որ մենք ներկայացրել ենք մաքսիմալ ամենալավ եղանակով»,-ասաց Կիրակոսյանը:

Հոկտեմբերի 14-ին լսումներում Հայաստանը ներկայացրել է ինչպես Ադրբեջանի կողմից ընդունված, հաստատված գերիների, այնպես էլ այն գերիների մասին, որոնց մասին Ադրբեջանից հաստատում չի ստացվել: Նշվել է, որ կան ապացույցներ՝ նրանց գերության մեջ լինելու մասին: Հղում է կատարվել լուսանկարներին, տեսանյութերին, որոնք ապացուցում են գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի փաստերը: Կիրակոսյանը վստահեցրեց՝ Հայաստանի ներկայացրած ապացուցողական զանգվածը, տեսանյութերը բավականին շատ են: Բոլոր դատավորներին տրվել են այդ ապացույցները:

Հայաստանը միջազգային դատարան է գնացել արդարության, արդարադատության ակնկալիքով: «Կարծում եմ՝ սա շատ կարևոր քայլ է: Հետագա ընթացքը ցույց կտա, բայց ակնկալիքն այն է, որ դատարանն ականջալուր կլինի Հայաստանի կողմից ներկայացված համոզիչ ապացույցներին և փաստարկներին և պետք է  քայլ ձեռնարկի այս ուղղությամբ: Մեր ակնկալած քայլը դատարանի կողմից հրատապ միջոց կիրառելու որոշումն է: Մեզ համար ցանկալի է, որ մեր կողմից ներկայացված բոլոր պահանջները բավարարվեն, որովհետև վստահ ենք, որ մեր ներկայացրած բոլոր պահանջները հիմնավոր են: Արդարությունն է մեր ակնկալիքը»ղ,-ասաց Կիրակոսյանը:

Ավելին՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել