«Հայաստան» հիմնադրամը 1 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել և փոխանցել լիբանանահայությանը
17:05 - 15 հոկտեմբերի, 2021

«Հայաստան» հիմնադրամը 1 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել և փոխանցել լիբանանահայությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով ս․թ․ սեպտեմբեր ամսվա ընթացքում 1,000,000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել և փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։ 

Հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին: Այս օժանդակությունը շարունակական բնույթ է կրում և սկիզբ է առել դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Հաջորդ աջակցությունը 2020թ.-ի օգոստոսին Բեյրութի աղետալի պայթյունից անմիջապես հետո Հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքն էր: Այնուհետ սույն թվականի ապրիլ ամսին ևս որոշակի դրամական աջակցություն ցուցաբերվեց տեղի հայ կրթական հաստատություններին՝ ընդհանուր առմամբ շուրջ 600,000 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքն է հայտնում բոլոր նվիրատուներին, Հիմնադրամի ցանցին, ինչպես նաև ԱՄՆ տեղական մարմնին՝ Armenia Fund Inc. կազմակերպությանը՝ լիբանանահայության գոյապահպանման խնդիրներին արագ արձագանքելու և տեղում դրամահավաք կազմակերպելու համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է բերում Լիբանանի անքակտելի մաս հանդիսացող հայ համայնքին՝ հույս հայտնելով, որ կայունությունն ու բարեկեցութունը մոտ ապագայում կվերահաստատվեն Լիբանանում։

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել