Ե՞րբ կբարեկարգվեն Գյումրու փողոցները․ պատասխանում են ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարները
23:53 - 15 հոկտեմբերի, 2021

Ե՞րբ կբարեկարգվեն Գյումրու փողոցները․ պատասխանում են ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարները

Հանրային հեռուստաընկերության եթերում շարունակվում է «Գյումրին ընտրում է» նախընտրական բանավեճը։

Հաղորդման ձևաչափի համաձայն թեկնածուներին հարցեր են տալիս ոչ միայն հաղորդավարները, այլ նաև գյումրեցիները՝ «Առաջին ալիք»-ի պաշտոնական էջի միջոցով։  Բնակիչները թեկնածուներին հարցեր են ուղղել նաև Գյումրիում «Հանրայինի» կատարած հարցումների միջոցով։

Գյումրեցիների հարցերից մեկը վերաբերում էր փողոցների բարեկարգման խնդրին, այդ թվում՝ կայարանամերձ հրապարակի բարեկարգմանը։

«Հայրաքաղաք» դաշինքի ցուցակի առաջին համար Լևոն Բարսեղյանը նշում է, որ իրենց ծրագրում նախատեսում են քաղաքի համաչափ զարգացում․ «Ոչ թե փողերը կուտակել կենտրոնում, ծախսել կենտրոնում, թաղամասերը թողնել անխնամ, այլ համաչափ։ Որևէ անտեսված կամ արտոնյալ թաղամաս չի լինելու։ Փողոցների կարգի բերելու հետ կապված ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի ու համայնքի միջոցներով ահագին գործ արվում է ու դրանք շարունակվելու են՝ անկախ այս ընտրությունների արդյունքից»։

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Մալխասյանը նույնպես կիսում է այն գաղափարը, որ Գյումրին պետք է զարգանա համաչափ․ «Փողոցները կարգի կբերվեն, եթե որակյալ աշխատանքներ կատարվեն։ Եթե նույն փողոցը մի քանի անգամ վերանորոգման կարիք չունենա, եթե փողոցը վերականգնվի ամբողջությամբ և ոչ թե հատվածաբար»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն էլ հիշեցնում է՝  ծրագրի մեջ հստակ նշել են, որ ապահովելու են քաղաքի թաղամասերի համաչափ զարգացումը․ «Անկախ նրանից, քաղաքացին բնակվում է ծայրամասում, թե բնակվում է կենտրոնում, նա չպետք է բարեկարգ լինելու հետ կապված ունենա խնդիր։ Ինչ վերաբերում է Կայարանամերձ հրապարակին, այն այս պահին վերակառուցման փուլում է, բայց ես գիտեմ, որ շինարարը ունի աշխատողների խնդիր։ Խոսքը կոնկրետ բազալտ շարողների հետ կապված խնդիրն է։ Կարծում եմ՝ այդ խնդիրը լուծելուց հետո շատ արագ կկարգավորվի այդ հարցը»։

«Զարթոնք»-ի թեկնածուն էլ կարծում է, որ փողոցների բարեկարգումը սխալ է արվել․ «Առաջին պետք է թվայնացվի և քարտեզագրվի բոլոր ենթակառուցվածքները,  կոմունիկացիաները, հոսանաքատարեր, որ հետո չքանդվի։ Միջազգային կազմակերպություններ կան, մի քանի միլիոն եվրոյի ներդրում է կատարվելու, որ հետո անենք ու չքանդենք»,-ասում է նա՝ կարծիք հայտնելով, որ երկրորդական փողոցների հարցը շատ արագ կարող է լուծվել։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունից Կոնստանտին Ղավազյանն էլ ասում է, որ Գյումրու փողոցների բարեկարգման համար մեծ աշխատանք է կատարվել՝ հավելելով, որ դեռ անելու շատ աշխատանք կա։

«Արժանապատիվ ուղի» կուսակցությունից Հովհաննես Մարգարյանն ասում է՝ 23  միլիոն եվրոյի վարկ է հատկացվել Գյումրիին, այդ միջոցները արդյունավետ ծախսելու դեպքում հնարավոր կլիներ ասֆալտապատել երկրորդային, երրորդային փողոցները։

«Թասիբով» դաշինքի առաջնորդ Կարապետ Պողոսյանի խոսքով էլ՝ միայն համայնքի միջոցներով հնարավոր չէ լուծել փողոցների բարեկարգման հարցը։ Հարցը, ըստ նրա,  հնարավոր է լուծել միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև կառավարության աջակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել