Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ ԶՈՒ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ կքննարկվի ԱԺ հանձնաժողովում |armenpress.am|
12:21 - 19 հոկտեմբերի, 2021

Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ ԶՈՒ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ կքննարկվի ԱԺ հանձնաժողովում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ Զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների առնչությամբ փաթեթը մանրակրկիտ կքննարկվի հանձնաժողովում, ինչից հետո՝ ԱԺ լիագումար նիստում: Քոչարյանն այս մասին ասաց հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ Պաշտպանության փոխնախարարին ուղղված հարցերին:

Աբրահամյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի հետ կապված՝ ինքը գրություն է ուղարկել ՊՆ: «Ստացված պատասխանում նշվում է, որ ԳՇ-ն ամբողջական վերլուծությունը և ուսումնասիրությունը չի ավարտել, բայց հաջորդ նախադասությունում նշվում է, որ դրա արդյունքների հիման վրա այս պահին ԶՈՒ-ում կառուցվածքային փոփոխություններ և բարեփոխումներ են իրականացվում: Այսինքն՝ ստացվում է, որ չավարտված ուսումնասիրությունների հիման վրա իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ և ռեֆորմներ»,- ասաց պատգամավորն ու հարցրեց, թե ինչու՞ բարեփոխումների գործընթացը որևէ ձևով հրապարակման ենթակա չէ:

Ըստ նրա՝ նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովը պետք է մաս կազմի այդ փոփոխությունների քննարկումներին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց: «Հանձնաժողովն այդ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ քննարկելու է, օրենսդրական հարցեր կան, որ առանց հանձնաժողովի չեն կարող ընդունվել: Կառուցվածքային բարեփոխումների փաթեթը պարտադիր պետք է այս հանձնաժողովով անցնի և գա ԱԺ, որ սկսվի դրա իրավական գործընթացը»,- նշեց Քոչարյանը:

Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց նաև, թե ինչո՞ւ է պաշտպանության նախարարը ոչ նպատակահարմար համարել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամի՝ այսինքն իր այցը առաջնագիծ:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով պատգամավորի մերժմանը, նշեց. «Պատասխանում ամեն ինչ կա: Ձեզ կատեգորիկ մերժման պատասխան չի տրվել, ներկա փուլում գտնվել է ոչ նպատակահարմար: Իսկ դրա պատասխանն ունեն ԶՈՒ-ն, ԳՇ-ն, վստահ եմ, որ վերլուծության գնահատման արդյունքում է Ձեզ տրվել այդ պատասխանը: Եվ ինչ-որ փուլում, երբ կգտնվի նպատակահարմար, բնականաբար, Ձեզ հնարավորություն կտրվի ուսումնասիրել նշված տեղամասը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել