ՄԱԿ-ում Հայաստանը շրջանառել է ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումներին անդրադարձող 8 հայտագիր |factor.am|
19:39 - 19 հոկտեմբերի, 2021

ՄԱԿ-ում Հայաստանը շրջանառել է ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումներին անդրադարձող 8 հայտագիր |factor.am|

factor.am: 2021թ-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 11-ը Ժնևում կայացավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 48-րդ նստաշրջանը: Քննարկումների առանցքում էր մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակը:

Նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնեց համատեղ հայտարարություն, որին միացան տասնինը պետություններ՝ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից: Հայտարարությունն անդրադառնում էր զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանը, դատապարտում ուժի ապօրինի կիրառումը, ատելության խոսքը, պատերազմի լայնածավալ քարոզչությունը: Նշվում էր, որ ռազմագերիներն ու կալանավորված քաղաքացիական անձիք պետք է անհապաղ ազատ արձակվեն և հայրենադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո, իսկ միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է պատանդառությունը, ռազմագերիների և կալանավորված անձանց երկարաձգված բանտարկումը՝ նրանց սակարկման առարկա դարձնելու նպատակով։

ՀՀ պատվիրակությունը հանդես եկավ նաև 41 ազգային ելույթներով՝ անդրադառնալով նստաշրջանի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներին, ինչպես նաև ներկայացնելով մեր երկրի փորձն ու վերահաստատելով մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի հանձնառությունը:

Հայաստանի ելույթներն անդրադառնում էին Արցախի բնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի շարունակվող հետևանքներին, ինչպես նաև ՀՀ միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ այդ երկրի ոտնձգությունների արդյունքում մարդու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի բազմաթիվ խախտումներին: Վարձկանների հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրվեց Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների տեղափոխման հարցով հետևողական և մանրազնին քննություն անցկացնելու անհրաժեշտությանը:

Բռնի անհետացման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի հետ երկխոսության ընթացքում ՀՀ կողմից շեշտադրվեց Ադրբեջանի անմիջական պատասխանատվությունը բազմաթիվ անհետ կորածների համար, որոնց մասով կան ադրբեջանական գերության մեջ լինելու անհերքելի վավերագրական ապացույցներ: ՀՀ կողմից ներկայացվեցին նաև ռասայական խտրականության, ռազմատենչ հայտարարությունների և հայատյացության լայնածավալ քարոզի դեպքերը, որոնք հղի են բռնության հրահրման սպառնալիքով:

ՀՀ-ը տեղեկացրեց, որ դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի դրույթների և պահանջների հետագա խախտումը և սրացումն անհապաղ կանխելու նպատակով: Այս առումով Հայաստանն ընդգծել է, որ մարդու իրավունքների ՄԱԿ մեխանիզմները և հատուկ ընթացակարգերը պետք է կարևոր կանխարգելիչ դերակատարում ստանձնեն: Մինչդեռ, Ադրբեջանը արհամարհում է ՄԱԿ ընթացակարգերի հաղորդագրություններն և հարցումները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում իրականացված մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքի խախտումներին։

ՄԻԽ հաջորդ՝ 49-րդ նստաշրջանը կմեկնարկի 2022թ.-ի փետրվարին:

Առավել մանրամասն՝ factor.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել