Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան
12:40 - 21 հոկտեմբերի, 2021

Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան

Գնաճը 8,9 տոկոս է, բայց սննդամթերքի համար ավելի բարձր․ մենք շատ անհանգստացած ենք, որովհետեւ մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը․ իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, եւ մենք, իհարկե, պետք է փորձենք զսպել գնաճը՝ մեր տնօրինման տակ եղող գործիքներով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ համագործակցում են Կենտրոնական բանկի հետ՝ ակնկալելով, որ ԿԲ-ն չի թողնի տնտեսության կարեւոր ճյուղերը, ինչպիսին է արտահանումը, վտանգվի։

«Մենք անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ, խոսքն առաջին հերթին վերաբերում է ԵԱՏՄ երկրներին, նաեւ Ուկրաինային, հարավամերիկյան երկրներին, որպեսզի կարողանանք նորմալ կամ ցածր գներով ապրանքներով ապահովելով, որը թույլ կտա մեղմել գնաճը»,- ասաց Քերոբյանը։

Քերոբյանի խոսքով՝ այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ ունենք, արդեն 30 հազար տոննա կարոտֆիլ է արտահանվել․ «Պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ, հաղորդակից անոթներով միացած է մեզ հետ նույն տնտեսական միության մեջ գտնվող երկրների հետ, եւ եթե պահանջարկն այդ երկրներում աճում է, դա անպայման անդրադառնում է տեղի արտադրանքի գների վրա։ Մենք գիտենք կարոտֆիլի դեպքի մասին, բայց կարծում ենք, որ ստեղծված կոնյուկտուրայում մեր ֆերմերներին չպիտի զրկենք իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից, եւ եթե հնարավորություն կա ավելի բարձր գնով արտահանել, ուրեմն ճիշտ գինը դա է»։

Թարմ գյուղմթերքը, ինչպես նշեց Քերոբյանը, հիմնականում ԵԱՏՄ երկրներ է արտահանվում։ Նախարարի ններկայացրած տվյալներով՝ այս պահի դրությամբ180 հազար տոննա գյուղմթերք է արտահանվել, իսկ անցած տարվա ընթացքում մոտ140 հազար։ Քերոբյանը հույս ունի՝ մինչեւ տարվա վերջ այս ցուցանիշը կբարձրանա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել