Կոչ ենք անում բոլոր սուվերեն անհատներին և ուժերին միավորվել, քանզի ստեղծված իրավիճակում ՀՀ քաղաքացու պայքարն այլևս պետութենական ինքնիշխանության պահպանման պայքարն է․ «Ձայն» ԼՊԿ հայտարարությունը
21:27 - 23 հոկտեմբերի, 2021

Կոչ ենք անում բոլոր սուվերեն անհատներին և ուժերին միավորվել, քանզի ստեղծված իրավիճակում ՀՀ քաղաքացու պայքարն այլևս պետութենական ինքնիշխանության պահպանման պայքարն է․ «Ձայն» ԼՊԿ հայտարարությունը

«Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում են ստորեւ․

«Վերահաստատելով մեր քաղաքական կամքի հենասյունը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության անքննելիությունը, Հայաստանի Հանրապետության համար այս ճակատագրական պահին, երբ գործող քաղաքական ընտրանին ցուցաբերում է բացահայտ անկարողություն ազգի հուսալքման, քայքայման և վերջնական պառակտման աղետալի ընթացքը կասեցնելու համար, երբ նորից Հայոց պատմության դրամատիկ ընթացքը խտանում է օրվա կորուստների իրականության մեջ և ժողովրդի մեջ բարձրանում է անզորություն արձանագրող ճակատագրապաշտությունը, քաղաքական և մշակութային անկմանն ընդդիմանալով, անհրաժեշտ ենք համարում մեր պատմության ակունքներից հիշեցնել Պետականության հարատևման երեք հիմնասյուն՝

  • մեր լեզուն՝ որպես ինքնության և մշակույթի պահպանման ազգային սկզբունքը,
  • մեր դավանանքը՝ որպես Հայաստանի ընտրած քաղաքակրթական ուղին,
    քրիստոնեական արժեքները,
  • մեր դիմադրելու իրավունքը՝ որպես վասալացմանն ու ոչնչացմանը մեր
    գոյատևման երաշխիքը։


Այս երեք հիմնասյուններն ուղերձում են՝ ինքնորոշում, Պետության պահպանում, և ոչ թե
ինքնության կորուստ, հոգեզրկում և ստրկացում։ Սա մատչելի է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ իր սոցիալական, քաղաքական կամ նեղանձնական կարգավիճակից, և սրանց շուրջ միավորումը խորհրդանշում է մեր ընդհանուր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ հավատարմության մեջ քաղաքական, հասարակական և մշակութային հակասությունները հաղթահարելու մեր կարողությունը։

Կարևորելով և բարձր գնահատելով վկայակոչվածը՝ հայտարարում ենք, որ կանգնելու ենք, և պայքարելու ենք Հայաստանի Հանրապետության համար, նրա պետական լեզվի՝ հայերենի, նրա եկեղեցու՝ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա ինքնիշխանության համար, առանց երբևէ ընտրելու որևէ օտար երկրի կողմից մեղմ կամ կոշտ ուժով պարտադրվող որևէ ստրկացնող միություն, քանզի պատմությունն առօրյա տրամադրություններից տարբերվում է նրանով, որ այն քայլում է դարերի գծով։

Կոչ ենք անում բոլոր սուվերեն անհատներին և ուժերին, Հայաստանի Հանրապետությանը ծառայողներին՝ միավորվելու, ճակատագրական այս հերթական խաչմերուկին մի կողմ դնելով քաղաքական և անձնական բոլոր տարաձայնությունները, քանզի ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության քաղաքացու պայքարն այլևս պետութենական ինքնիշխանության պահպանման պայքարն է, իսկ Հայաստանի Հանրապետության շահին ծառայող քաղաքական ուժերի միավորումը՝ Հայաստանի Հանրապետության պահպանման հրամայական։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել