Հայաստանը միջազգային հարթակներում շարունակելու է աջակցել Կիպրոսին․ Ալեն Սիմոնյանն ասել է Կիպրոսի ԱԳ նախարարին
18:46 - 25 հոկտեմբերի, 2021

Հայաստանը միջազգային հարթակներում շարունակելու է աջակցել Կիպրոսին․ Ալեն Սիմոնյանն ասել է Կիպրոսի ԱԳ նախարարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով  երկու երկրների արդյունավետ համագործակցությունը:  Նա մեծապես կարեւորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի շուտափույթ մեկնարկը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ:

Կողմերն անդրադարձել են Կիպրոսի հիմնահարցին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում շարունակելու է աջակցել Կիպրոսին եւ կողմ է բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորմանը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձեւերի սկզբունքները: Երկուստեք արձանագրվել է անել առավելագույնը համագործակցությունն ու բարեկամությունն առավել ամրապնդելու ուղղությամբ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարն առանձնահատուկ ընդգծել է  հայ համայնքի անգնահատելի դերակատարությունը Կիպրոսի հասարակական եւ քաղաքական կյանքում:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործմանը:

Զրուցակիցները քննարկել են կիպրական կողմի ներդրումային հնարավորությունները` կարեւորելով Կիպրոսի հետ տնտեսական եւ զբոսաշրջային համագործակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել