Ամանորյա երկար հանգիստը որևէ ավանդական տոնի հետ կապ չունի․ Վահան Քերոբյան
11:09 - 26 հոկտեմբերի, 2021

Ամանորյա երկար հանգիստը որևէ ավանդական տոնի հետ կապ չունի․ Վահան Քերոբյան

Կառավարության կողմից ներկայացրած «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց, որ հայ ժողովուրդը չափից ավելի է աշխատում, իսկ ամանորը առիթ է ընտանիքով հավաքվելու, հանգստանալու համար։

«Ու՞մ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց։ Ամսի 1-ից աշխատանքի շտապող մարդը ոչ ընկերոջ, ոչ հարազատի տոնը չի շնորհավորելու։ Դուք մարդկանց զրկում եք իրար հետ շփվելու, հայկական ավանադական ինչ-որ բան պահելու հնարավորությունից»։

Նազարյանը հետաքրքրվեց նաև՝ ճի՞շտ է, արդյոք, այն պնդումը, որ այս ամենի հիմնական նպատակը հունվարի 7-ը աշխատանքային օր հռչակելն էր․ «Որովհետև մնացած բոլոր 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները խլեցիք»։

Քերոբյանն էլ ասաց՝ իր և իր գործընկերների մտքով է անցել այս նախագիծը․ «Բայց պարզվում է նաև, որ  ձեր գործընկերների մտքով է դա վաղուց անցել։ Արամ Վարդևանյանը նշեց, որ այդ նախագիծը Կարեն Կարապետյանի կառավարությունն է փորձել անցկացնել, ինչ որ պատճառներով չի ստացվել»։

Քերոբյանի խոսքով՝ բիզնես հանրույթը կոնեսուս ունի, բոլորը կողմ են այս նախագծին։ «Ես կարող եմ բերել նաև ասոցիացիաների կարծիքը։ Ձեր հետ ամբողջությամբ համաձայն եմ, որ ՀՀ-ում աշխատողների իրավունքները  և պարտականությունները պետք է ավելի լավ պաշտպանվեն։ Ինքս էլ, նախկին գործարար լինելով, գիտեմ, թե ինչպես են բազմաթիվ ընկերություններում վերաբերում աշխատողների պարտականություններին։ Այստեղ մենք ունենք մեծ անելիք»։

Անդրադառնալով ավանդույթների վերաբերյալ Նազարյանի դիտարկմանը, Քերոբյանն ասաց․ «Երբ դուք խոսում եք ավանդույթների մասին, ապա ես չեմ կարող հիշել, թե այդ ավանդույթները ինչ արմատներ ունեն։ 2000-ականներից նոր սկսվել է այսքան երկար ամանորյան տոներ նշելը։ Եվ որևէ ավանդական տոնի հետ այս ամանորյա երկար հանգիստը կապ չունի։ Կապ ունի միայն հունվարի 6-ը, որը Սուրբ Ծննդյան տոնն է, և 31-ն ու 1-ն էլ սովետական տարիներին ներդրված ամանորյա տոնակատարություններն են ու վերջ»։

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով կառավարությունն առաջարկում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել որպես աշխատանքային օրեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել