ԱԻՆ-ի բյուջեն կմնա գրեթե անփոփոխ, ոստիկանությանը կավելանա մոտ 3 տոկոսով
 |armenpress.am|
11:22 - 01 նոյեմբերի, 2021

ԱԻՆ-ի բյուջեն կմնա գրեթե անփոփոխ, ոստիկանությանը կավելանա մոտ 3 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2022-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող բյուջեն թողնել գրեթե անփոփոխ, իսկ Ոստիկանության բյուջեն 2021-ի համեմատ կավելանա մոտ 3 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում:

Անդրադառնալով ԱԻՆ-ին՝ Խաչատրյանն ասաց.  «Նախատեսվում է, որ պետք է իրականացվի 6 ծրագիր: 2022-ի բյուջետային նախագիծը ԱԻՆ-ի մասով նախատեսվում է 13 մլրդ 975,8 մլն դրամ ծախսեր, 2021-ի ճշտված բյուջեի գումարը կազմել է 14 մլրդ 216,7 մլն դրամ: Չնայած փոքր-ինչ նվազում նկատվում է, սակայն սա հիմնականում պայմանավորված է նորմատիվային համապատասխանեցման հարցով: Իրականում, կարող ենք ասել, որ բյուջեն եղել է առանց փոփոխության»:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշեց, որ 13 մլրդ 975.8 միլիոնից 12 մլրդ 520 մլն 800 հազար դրամը կամ 89.6 տոկոսը համակարգի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդն է, իսկ մնացած 10.4 տոկոսը կազմում է համակարգի ստորաբաժանումներ և հիմնարկների ընթացիկ պահպանման ծախսերը, ներառյալ՝ ՊՈԱԿ-ների գծով ավելացված արժեքի հարկը:

Ներկայացված 6 ծրագրերն են՝ տեխնիկական անվտանգության կանոնակարգումը, արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացումը, սեյսմիկ պաշտպանությունը, փրկարարական ծառայությունները, ռազմավարական նշանակության պաշարների կառավարումը և արտակարգ իրավիճակների բնագավառի պետական քաղաքականության մշակումը:

Անդրադառնալով ոստիկանության բյուջեին՝  ֆինանսների նախարարն ասաց, որ Ոստիկանությունը նախատեսում է 2022-ին իրականացնել 2 ծրագիր, որի շրջանում 11 միջոցառում: «2022-ի բյուջետային նախագծով նախատեսված է 66 մլրդ 585.6 մլն դրամ՝ ըստ նախագծի, 2021-ի հաստատված բյուջեն կազմել է 64 մլրդ 652 մլն դրամ, հաստատվածի նկատմամբ տարբերությունը մոտ 3 տոկոս է՝ աճի ուղղությամբ»,-ասաց Խաչատրյանը:

Ծրագրերն են կրթական ծառայությունների ծրագիրը և ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակումը, կառավարումը, կենտրոնացված միջոցառումները, մոնիթորինգը և վերահսկողությունը:

 

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել