Սյունիքի հատվածում կառուցում ենք նոր ուղեկալներ․ կունենանք լավ պայմաններ. ԱԱԾ տնօրենի տեղակալ |hetq.am|
13:35 - 01 նոյեմբերի, 2021

Սյունիքի հատվածում կառուցում ենք նոր ուղեկալներ․ կունենանք լավ պայմաններ. ԱԱԾ տնօրենի տեղակալ |hetq.am|

hetq.am: «Իրավիճակից ելնելով՝ հարավային սահմանը hետ է քաշվել, Սյունիքի այդ հատվածում ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որոնք նախկինում չենք ունեցել»,- այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի բյուջետային քննարկմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց բյուջեով նախատեսված դեղորայքի քանակի ավելացումից:

ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ թվաքանակը չի կարող հայտնել, սակայն բավականին մեծ քանակի է:

«Այդ պատճառով ավելացրել ենք դեղորայքի գնման գումարը, որպեսզի կարողանանք ապահովել: Գիտեք՝ ինչ պայմաններում են նրանք ծառայություն իրականացնում, կառուցում ենք նոր ուղեկալներ, մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն ու կունենանք լավ պայմաններ, ու կարիքը կարող է պատահի՝ չլինի: Իսկ էս պահին ապրում են տնակներում, ծառայություն են իրականացնում բաց տարածքներում, և հաճախակի են պետք գալիս նման դեղորայքներ»,- ասաց Հակոբյանը:

ԱԱԾ տնօրենի տեղակալի վստահեցմամբ` մինչև նոյեմբերի վերջ ծառայությունը կվերջացնեի սահմանային հատվածներում բոլոր տնակների տեղադրման հարցը:

«Մեկ հատ անցած շաբաթ ենք դրել Որոտանի հատվածի վրա, մեկ տեղ է մնացել վրանային տիպ, դա էլ կվերացնենք, ու բոլորն ապահոված կլինեն տնակներով: Ես վերջերս եմ վերադարձել Սյունիքից, մեր զինծառայողները ճիշտ է բավական դժվար պայմաններում են ծառայում` եղանակով պայմանավորված, բայց բավականին ապահովված են՝ և' սնունդով, և' հագուստով»,- հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բարձրացրեց սահմանապահ զորքերի և պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը` նշելով, որ վերջիններս այժմ բավական ծանր պայմաններում են ծառայություն իրականացնում:

«Դուք էլ Ձեր խոսքում նշեցիք կենցաղային և անվտանգային որոշակի աշխատանքներ կան, որոնք դեռևս ավարտված չեն, այս տեսանկյունից ուզում էի հասկանալ` արդյոք սահմանային հատվածներում նախատեսված չէ սպայական անձնակազմի աշխատավարձերի բարձրացում»,-հարցրեց պատգամավորը:

ԱԱԾ տնօրենի տեղակալն արձագանքեց` հարցով զբաղվում են, ծառայության տնօրենը հանձնարարել է խնդրին լուծում տալ, հատկապես՝ պայմանագրային զինծառայողների աշխատավարձի առնչությամբ:

«Բավականին ցածր է, ինչքան ստուգել ենք մյուս կառույցների հետ, մերոնք բավական ցածր աշխատավարձ են ստանում: Այդ իսկ պատճառով մեր մոտ թվաքանակը նվազել է, ազատվում են աշխատանքից, բայց տնօրենի հանձնարարությունը կա, շատ արագ պետք է արձագանքենք և հնարավորություն ստեղծենք, բարձրացնենք: Բարձրացումը 210-220 հազարի մոտ է լինելու, էս պահին մոտ 160 հազար են ստանում»,- նշեց Հակոբյանը:

Նշենք, որ կան պատգամավորներ, որոնք դիմել են ԱԱԾ` գաղտնիության ռեժիմի թույլտվություն ստանալու համար, սակայն դեռ չեն ստացել: Այդ պատգամավորները նիստի դռնփակ հատվածին չկարողացան մասնակցել, քանի որ պետական ու ռազմական գաղտնիքին առնչվող հարցեր էին քննարկվելու, որի ժամանակ չէին կարող ներկա լինել:

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել