ՀԿԵ-ի 39 մլրդ դրամ ներդրումը, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, 2008-ի կոնցեսիոն պայմանագրի շրջանակում է,  բայց համաձայնությունը ձեռք է բերվել 2020-ին
15:18 - 04 նոյեմբերի, 2021

ՀԿԵ-ի 39 մլրդ դրամ ներդրումը, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, 2008-ի կոնցեսիոն պայմանագրի շրջանակում է, բայց համաձայնությունը ձեռք է բերվել 2020-ին

Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հերթական նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը շատ կարևոր համաձայնություն է ձեռք բերել ՀՀ երկաթուղային տրանսպորտը կառավարող կոնցեսիոների՝ «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ․ «Փոփոխությունների էությունը հետևյալն է․ մինչև 2024 թվականը Հայաստանի Հանրապետությունում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամ ներդրումներ։ Ես ուզում եմ՝ պատկերացնենք էս ծավալը։ Մենք բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, և շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և մենք կարող ենք ակնկալել, որ, իսկապես, մինչև 2024 թ․ կունենաք բոլորովին այլ որակի երկաթուղի»։

«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Վահե Դավթյանը վարչապետի հայտարարությունից հետո ասաց, որ ներկայիս իշխանությունները շարունակում են իրենց վերագրել այն ձեռքբերումները, որոնց համար հող է նախապատրաստվել դեռևս 2018-ից առաջ։ 

«Ինչ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղուն», ապա ընկերությունը, 2008 թ. փետրվարին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, պարտավորվել է մինչև 2038 թ. երկաթուղու զարգացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամը ուղղվելու է ենթակառուցվածքային արդիականացմանը, իսկ 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի թարմացմանը: Այս պարագայում երկաթուղային կոնցեսիոների պարտավորությունները որպես սեփական ձեռքբերում ներկայացնելը հասարակական կարծիքը մանիպուլացնելու, հերթական տնտեսական միֆ ստեղծելու փորձ է»,- նշել էր Վահե Դավթյանը։

Վահե Դավթյանը ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանի նշած 39 միլիարդ դրամ ներդրումը  կոնցեսիոն պայմանագրով հաստատված 174,5 մլրդ դրամի շրջանակում է։ 2020-2024 թթ․ ներդրումների ծավալի մասին համաձայնությունը, սակայն, ձեռք է բերվել 2019-ին և հաստատվել 2020-ին։

Այսպիսով, 2008 թվականին ստորագրվեց հայկական երկաթուղու համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (պատկանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին) փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագիր։

Կոնցեսիոն պայմանագիրը նշանակում է, որ այդ պայմանագրով ներդրողին են հանձնվում որևէ ենթակառուցվածի կամ այլ օբյեկտի տնօրինման և օգտագործման իրավունքները։ 

Պայմանագրով ՀԿԵ-ն, ինչպես նշել էր Վ․ Դավթյանը, պարտավորվեց մինչև 2038 թ․ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանն ու արդիականացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ։

ՀՀ կառավարության՝  2009 թ․ N 994-Ա որոշմամբ հասատվեց ՀԿԵ-ի ներդրումային ծախսերի ծրագիր, որը փոփոխվեց 2010-ին։ 2009-ի ծրագրով 2021-2025 թթ․ ընթացքում ՀԿԵ-ն 174,5 մլրդ դրամի շրջանակում պետք է իրականացներ 15 202,1 մլն դրամ ներդում։ 2010-ին փոփոխված ծրագրով նույն ժամանակահատվածում նախատեսվում էր իրականացնել 15 136.7 մլն դրամ ներդրում։

2019-ի հոկտեմբերին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ ցանկություն կա ՀԿԵ-ի՝ մինչև 2038 թվականն իրականացվելիք ներդրումային ծրագրերը ճշգրտելու։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հաստատել են, որ Նիկոլի Փաշինյանի նշած 39 մլրդ դրամ ներդրումներն իրականացվելու են կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումային ծախսերի ծրագրի շրջանակում։

Ինչպես փոխանցել են ՏԿԵՆ-ից, միջկառավարական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ու ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալի միջև 2020-ի սեպտեմբերի 2-ին ստորագրվել է արձանագրություն՝ մինչև 2024 թ. 39 մլրդ դրամի ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։

ՏԿԵՆ-ին նաև խնդրել էինք մանրամասնել, թե Փաշինյանի նշած ներդրումները կոնկրետ ինչ նպատակներով են ծախսվել կամ ծախսվելու։

«2021 թ. բեռնափոխադրումների համար ձեռք է բերվել 26 նոր կիսավագոն (2020-2024թթ. համար նախատեսված է ընդհանուր 310 միավոր), միջազգային ուղևորափոխադրումների համար՝ նոր, ժամանակակից 27 վագոն, ներհանրապետական հաղորդակցության համար՝ 2 ԷՊ2Դ նոր, ժամանակակից էլեկտրագնացք: Եվս մեկ ԷՊ2Դ էլեկտրագնացք ձեռք կբերվի 2022թ.: Կիրականացվեն 18 միավոր լոկոմոտիվների արդիականացման և այլ աշխատանքներ»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում:

Համաձայն նախարարության փոխանցած տվյալների՝ նախատեսված է 2020-2024թթ. հիմնանորոգել 45 կմ երկաթգիծ, 26 կմ հպակային ցանց, իրականացնել 6 շենքերի և կառույցների, 77 շենք-շինությունների վերանորոգում, 116 000 կոճերի փոխարինում և այլն:

«Այժմ քննարկումներ են ընթանում 2025-2038 թթ. համար ներդրումային ծախսերի ծրագրի փոփոխման և մինչև 2023թ. ավարտը ֆինանսական աղբյուրների և մեխանիզմների որոշման ուղղությամբ՝ նշված ժամանակահատվածի համար ներդրումային ծավալները մինչև 95 մլրդ դրամի հասցնելու նպատակով»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում:

Ստորև ներկայացված գրաֆիկում կարող եք տեսնել, թե կոնցեսիոն պայմանագրով նախատեսված 174,5 մլրդ դրամ ներդրումների շրջանակում որքան գումար է հատկացվել 2008-2020 թվականների ընթացքում, և որքան գումար է նախատեսված 2021-2024 թթ․ համար։

Ինչպես երևում է գրաֆիկում, ՀԿԵ-ն կոնցեսիոն պայմանագրի շրջանակում ամենամեծ ներդումը (ավելի քան 25 մլրդ դրամ) կատարել է 2009-ին։ Իսկ 2020-ի արձանագրութունից հետո ամենամեծ ներդրումը նախատեսված է այս տարի (ավելի քան 16 մլրդ դրամ)։

Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի նշած 39 մլրդ դրամը նախատեսված է 2020-2024 թթ․ համար, իսկ 2020-ին արդեն ներդրվել է 5 595,81 մլն դրամ, ապա 2021-2024 թթ․ ներդրումները 33 404,19 մլն դրամ են։ 2010-ին, հիշեցնենք, նախատեսված էր, որ 2021-2025 թթ․ իրականացվելու է 15 136.7 մլն դրամ ներդրում։ 

Այպիսով, պնդումը, թե Նիկոլ Փաշինյանի նշած 39 մլրդ դրամ ներդրումը 2008-ին ՀԿԵ-ի ստորագրված կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումների շրջանակում է, ճիշտ է։ Սակայն 2020-2024 թթ․ իրականացվող ներդրումների համաձայնությունը ձեռք է բերվել 2020-ի սեպտեմբերին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի ու ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալի միջև ստորագրված արձանագրությամբ։

Լուսանկարը՝ ՀԿԵ-ի

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել