Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակ սոցփաթեթի իրավունքն այսուհետ պահպանվելու է |armenpress.am|
17:11 - 02 նոյեմբերի, 2021

Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակ սոցփաթեթի իրավունքն այսուհետ պահպանվելու է |armenpress.am|

armenpress.am: Լայնածավալ փոփոխությունների արդյունքում սոցփաթեթի ծառայություններից օգտվողների թիվը կարող է հասնել շուրջ 700 հազարի: Կառավարության վերջին նիստում ընդունված որոշման համաձայն վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը: Փոփոխության համաձայն՝  ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։

Ստացվում է, որ սոցփաթեթի ոչ առողջապահական հատվածը՝ 72 հազար դրամը, շահառուն կարող է ծախսել նաև ընտանիքի անդամների համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ գումարը ծախսելու ուղղությունները ևս ընդլայնվել են: Մասնավորապես,  հնարավոր է դառնում այդ գումարով մարել մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարը։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը:

«Այս դրույթն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից: Քննարկումներ են անցկացվել Բանկերի միության հետ, խնդրել էին ժամանակ ծրագրային ապահովում ունենալու համար, որ այդ ծառայությունը հնարավոր լինի մատուցել»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Սոցփաթեթով նախատեսված գումարով հնարավոր կլինի մարել առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարը, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայությունները՝ թերապևտիկ և վիրաբուժական։ Այս անգամ ևս շահառուն ծառայությունից կկարողանա օգտվել դեկտեմբերի 12-ից:

Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում նաև մարել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկը, նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարները, գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարը: Կարևոր փոփոխություն է կատարվել նաև հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների համար:

«Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, այն է` առնվազն 140 օր, սոցփաթեթի շահառուն չէր կուտակում գումար սոցփաթեթի գումար: Այս նոր որոշմամբ արդեն այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, սոցփաթեթի իրավունքը շարունակելու է պահպանվել»,-ասաց Ժորա Սարգսյանը: 

Սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով առաջարկում է հետևյալ փոփոխությունը: Եթե սոցփաթեթի շահառուն մեկ կազմակերպությունից մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվի կամ տեղափոխվի մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի, սոցփաթեթի գումարները՝ հաջորդող ամսվանից սկսած փոխանցվեն նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին համապատասխան։

«Եթե աշխատանքից ազատվելու և ընդունվելու միջակայքը մեկ ամսից ավելի չէ, ապա սոցփաթեթի իրավունքը շարունակելու է պահպանվել: Եթե մեկ ամիս հետո է ընդունվում աշխատանքի, ապա 6 ամիս պետք է սպասի, նոր դառնա սոցփաթեթի շահառու»,-հավելեց Ժորա Սարգսյանը:

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել