Միջոցառման ոչ բոլոր մասնակիցներն են ունեցել  ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք․ նախագահի աշխատակազմի պարզաբանումը իրականությանը չի համապատասխանում
12:03 - 04 նոյեմբերի, 2021

Միջոցառման ոչ բոլոր մասնակիցներն են ունեցել ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք․ նախագահի աշխատակազմի պարզաբանումը իրականությանը չի համապատասխանում

Հոկտեմբերի 24-ի երեկոյան նախագահի նստավայրում, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցների, ընդունելություն էր կազմակերպվել։ Ընդունելության ժամանակ մասնակիցների մեծամասնությունը բժշկական դիմակով չէր եղել, ինչն էլ մեծ դժգոհության և քննարկումների առիթ էր դարձել համացանցում։ 

Այս դժգոհություններից հետո, «Ժողովրդի» հարցմանն ի պատասխան, նախագահի աշխատակազմից տեղեկացրել էին, որ միջոցառման բոլոր մասնակիցներն ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ «․․․ Միաժամանակ, պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման բոլոր մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության․․․»,- ասվում է «Ժողովրդի» հարցման պատասխանում։

Միջոցառմանը, բացի օտարերկրյա հյուրերից, մասնակցում էին նաև ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ 

Հարցումով դիմել էինք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն՝ խնդրելով տրամադրել միջոցառման հյուրերի ցանկը և ՊՇՌ թեստերի բացասական պատասխանները։ Նշենք, որ նախօրոք խնդրել էինք տեղեկությունները տրամադրել՝ ծածկելով անձնական տվյալների և այլ տեսակի գաղտնիք պարունակող հատվածները։

Նախագահի աշխատակազմից մեր հարցմանն ի պատասխան, նշել են, որ միջոցառմանը հրավիրված են եղել «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բոլոր մասնակիցները, ինչպես նաև կառավարության անդամները։ Որպես ՊՇՌ բացասական թեստի ապացույց նշվում է, որ մասնակիցները հիմնականում եղել են օտարերկրացիներ, և առանց ՊՇՌ թեստի բացասական արդյունքի հնարավոր չէ Հայաստան մուտք գործել։ Իսկ ինչ վերաբերում է մեր խնդրած տեղեկությանը՝ հյուրերի ցանկի և ՊՇՌ թեստերի բացասական արդյունքների վերաբերյալ, նշվում է, որ դրանք պարունակում են անձնական տվյալներ և հրապարակման ենթակա չեն։ Սական, ինչպես արդեն նշվեց, մենք խնդրել էինք ծածկել անձնական կամ այլ տեսակի գաղտնիք պարունակող հատվածները։

Մենք հարցումով դիմել էինք նաև կառավարության ներկայացուցիչներին, որոնք ճանաչելի էին միջոցառման տեսանյութից։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ուղղված մեր հարցման պատասխանում նշվում է, որ Առողջապահության նախարարը նախագահի աշխատակազմ ՊՇՌ թեստ ներկայացնելու որևէ պարտավորություն չի ունեցել։ Տվյալ պարագայում հարց է առաջանում, թե որտեղից է նախագահի աշխատակազմը վստահ եղել, որ Անահիտ Ավանեսյանն ունեցել է ՊՇՌ թեստի բացասական արդյունք։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նույնպես միջոցառումից առաջ նախագահական նստավայր ՊՇՌ թեստի պատասխան չի ներկայացրել։ 

Հարցումով դիմել էինք նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին։ Ստացած պատասխանի համաձայն՝ նախարար Խաչատուրյանը թեստավորված չի եղել։ Այսինքն՝ նախագահի աշխատակազմի այն պնդումը, թե միջոցառման բոլոր մասնակիցները ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, կեղծ է։

Ոստիկանությունից հայտնում են, որ Առողջապահության նախարարի հրամանի հիմքով միջոցառման մասնակիցները ենթակա չեն վարչական պատասխանատվության։ Խոսքը նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանի մասին է, որի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ ՀՀ նախագահի, կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների։ 

Այսպիսով, օրենքի տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է եղել, և միջոցառման բոլոր մասնակիցներն իրավունք ունեցել են դիմակ չկրելու, սակայն նախագահի աշխատակազմի պնդումը, թե բոլորն ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, չի համապատասխանում իրականությանը։
 

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել