Արման Թաթոյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին․ Արմեն Գրիգորյան
11:58 - 05 նոյեմբերի, 2021

Արման Թաթոյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor.am-ին տված հարցազրույցում վերահաստատել է իր պնդումը, համաձայն որի  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում։

«Ի դեպ, քաղաքական գործունեություն ասելով ես նկատի ունեմ իր անաչառ չլինելը, որովհետև կա պատմություն։ Նա, եթե չեմ սխալվում, նշանակվել է 2016 թ․-ին, և Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին։ Մինչդեռ ՄԻՊ-ի գործառույթն է քաղաքացուն պետությունից պաշտպանելը, հատկապես՝ ավտորիտար ռեժիմում։ Հիմա ամբողջ քննադատության թիրախը իշխանությունն է։ Ես հասկանում եմ, որ գործառույթ ունի, և մարդու իրավունքների պաշտպանության հարցում որևէ խնդիր չեմ տեսնում։ Միակ խնդիրը, որ տեսնում եմ, այն է, որ քաղաքական հայտարարություններով է զբաղվում՝  իր լիազորությունների հետ որևէ առնչություն չունեցող, և այն ժամանակ որևէ հայտարարություն չէր անում, ասում էր՝ ինչու եք Սարի թաղում մութ ճանապարհներով գնացել, մեղադրում էր ցուցարարներին։ Այս տրամաբանության մեջ է իմ տեսած խնդիրը»։

Արմեն Գրիգորյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչու Արման Թաթոյանը 2016-2018 թթ․-ին չի բարձրաձայնել զնծառայողների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին․ «Երբ զինծառայողների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին է խոսում, ես կուզենայի դուք մի ուսումնասիրություն կատարեիք, 2016-2018 թթ․-ին  նա ինչպիսի՞ հարցեր է բարձրացրել, որովհետև 2018-ից սկսած մեր կառավարությունը ամենամեծ ներդրումներն է կատարել զինծառայողների բնակարանային հարցերը լուծելու համար։  10 տարուց ավելի կուտակված հարցերի մեծ մասը մենք 2018-2019 թթ․-ին լուծել ենք։ Ինչու՞ նաև դա չի արձանագրում։ Եվ ինչու՞ նա չէր բարձրացնում այդ հարցերը 2016-2018 թթ․։ Այդ հարցերի մեծ մասը կուտակված էին եղել այդ ժամանակ։ Եթե այդ ժամանակ լուծեինք, եթե մեր իշխանության գալուց հետո այն բոլոր ռեսուրսները, որոնք հատկացվել են, հնարավոր էր լինելու բոլոր հարցերը լուծել»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Rusarminfo-ին տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական հայտարարություններ է անում։ «Նրան մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, որից հետո կկարողանա արդեն ակնհայտ քաղաքական գործունեություն ծավալել»,-ասել էր նա։

Այս հայտարարությանը նոյեմբերի 3-ի ասուլիսում արձագանքել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ ԱԽ քարտուղարը գերազանցել է իր լիազորությունները․ «Ես պաշտոնապես դիմելու եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովի ՀՀ ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել