ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը |armenpress.am|
22:17 - 11 նոյեմբերի, 2021

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Փարիզում առանձին հանդիպումներ ունենալուց հետո հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը, հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 10-ին համանախագահները Փարիզում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները ապաէսկալացման ուղղությամբ հնարավոր մի շարք միջոցառումների ու այդ գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ՝ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան»,- ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ  համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

«Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ՝ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը, և կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը։ Համանախագահները նաև ընդգծել են սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրությամբ:

Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը ուղղված  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելուն ՝ իրենց մանդատի շրջանակներում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել