ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումը բացարձակ առաջնահերթություն է և սակարկման ենթակա չէ․ «Ապրելու Երկիր» կուսակցություն
13:56 - 16 նոյեմբերի, 2021

ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումը բացարձակ առաջնահերթություն է և սակարկման ենթակա չէ․ «Ապրելու Երկիր» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Խորը մտահոգություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ոտնգձության առումով։ Առաջին հերթին, կոչ ենք անում պաշտոնատար անձանց զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք ուղղակի կամ անուղղակի խրախուսում և արդարացնում են հակառակորդ կողմի գործողությունները կամ կարող են օգտագործվել ՀՀ պետական շահերի դեմ հետագա գործընթացներն օրինականացնելու նպատակով։

Իշխանությունը պարտավոր է հանրությանն օբյեկտիվորեն ներկայացնել ստեղծված իրավիճակը։ Տարբեր գերատեսչությունների հնչեցրած իրարամերժ հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում և սնուցում հակառակորդի տեղեկատվական քարոզչությանը։

Ուժի և ուժի սպառնալիքի կիրառման ներքո չի կարող ընթանալ սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Փաստացի ընթացող այս գործընթացը սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականությանը և ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ու կենսական շահերին։

Առկա անվտանգային սպառնալիքները պարտադրում են անհապաղ քայլեր ձեռնարկել ուղղված ՀՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով ստեղծված իրավիճակին համարժեք սպառազինմանն ու կահավորմանը։ Հայ զինվորի արժանապատիվ ծառայության համար չի կարող խնայվել որևէ պետական միջոց։

Պահանջում ենք բացառել հայ զինվորի արժանապատվությունը վիրավորելուն ուղղված ցանկացած ոտնձգություն։ Բոլոր խնդիրներով հանդերձ՝ հայոց բանակը մնում է մեր պետության անվտանգության, նախկին և ապագա հաղթանակների կրողն է ու երաշխավորը։

Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային համաչափ արձագանք ապահովելու համար։

ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումը բացարձակ առաջնահերթություն է և սակարկման ենթակա չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել